ՀՀ ԱՆ-ը տարակուսում է Զոլյանի հարցով «մեկնաբանության» առթիվ

ՀՀ արդարադատության նախարարությունն իր տարակուսանքն է հայտնել առանձին լրատվամիջոցներով տարածված` ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի հարցով նախարարության, այսպես կոչված, «մեկնաբանության» առթիվ: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, ԱՆ-ն անհրաժեշտ է համարում հայտարարել, որ այդ «մեկնաբանությունն» ապատեղեկատվություն է, քանի որ ոչ որպես դրանց աղբյուր հիշատակվող նախարարության լրատվական ծառայությունը, ոչ էլ նախարարության որևէ այլ ստորաբաժանում չէին կարող նման տեղեկատվություն տրամադրել այն պարզ պատճառով, որ նախարարությունը ՀՀ կառավարությանը վերջինիս հարցմամբ ուղղված գրության մեջ եզրակացություն է ներկայացրել Զոլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավաչափության հարցի վերաբերյալ, որը լիովին հակադրվում է այն «փաստարկներին», որոնք իբրև թե նախարարության անունից վկայակոչվում են այդ «մեկնաբանություններում»:

Նախարարության եզրակացությունում, մասնավորապես, նշվում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության ու համալսարանի` որպես պետական ոչ առևտևային կազմակերպության միջև առկա են ենթակայության հարաբերությւոններ` համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի: Բացի այդ, համաձայն այդ դրույթի` կրթության և գիտության նախարարությունը հանդես է գալիս որպես իր ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ի, տվյալ դեպքում` ԵՊԼՀ-ի կառավարումն իրականացնող` ՀՀ կառավարության լիազորած կառավարման մարմին:

ՀՀ կառավարության` ի դեմս կրթության և գիտության նախարարի (գործատու), և Զոլյանի (աշխատող) միջև 2008 թ. մարտի 17-ին կնքվել է թիվ 134 աշխատանքային պայմանագիրը, որով կողմերի միջև ծագել են աշխատանքային իրավահարաբերություններ: Աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, որն ուղղակիորեն նախատեսում է գործատուի իրավունքը` աշխատողի նկատմամբ կիրառելու կարգապահական պատասխանատվության միջոցներ: Աշխատանքային օրենսգրքին հղում է կատարվում նաև հիշյալ աշխատանքային պայմանագրում (կետ 2.7): «Դրանով միանշանակ փաստվում է ոչ թե վարչաիրավական, այլ «սովորական» աշխատանքային իրավահարաբերությունների առկայության փաստը, հետևաբար, ռեկտորի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցների, ինչպես նաև այդ հիմքով նրան աշխատանքից ազատելու իրավաչափության հարցն ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին, այլ ոչ թե վարչական դատարանին, որը քննում է հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Սուրեն Զոլյանը` որպես աշխատանքային օրենսդրության իմաստով աշխատող, չէր կարող լինել հանրային ծառայող (տես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը): Այս հիմքով նրա և նախարարի միջև վեճը չէր կարող լուծվել վարչական վարույթի շրջանակներում, քանի որ նախարարի հրամանները ոչ թե վարչական ակտեր են, այլ անհատական ակտեր, որոնք ընդունվել են բացառապես աշխատանքային օրենսդրության, աշխատանքային պայմանագրի և ՊՈԱԿ-ների մասին օրենքի շրջանակներում»,-ասված է նախարարության հաղորդագրությունում:

Մեկնաբանել