Երևանում կազմակերպվել է մամուլի ազատությանը նվիրված ֆոտոցուցահանդես

Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր Հայաստանի նկարիչների միությունում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպել է ֆոտոցուցահանդես՝ «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով։

Նշված կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանը ՍիվիլՆեթ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացված է լուսանկարիչների, ուսանողների և այլոց կողմից ստեղծված 50  լուսանկար: Նման ցուցահանդես է կազմակերպվել նաև 2011-ին:

Շուշան Դոյդոյանի գնահատմամբ, խոսքի ազատության տեսանկյունից հայաստանյան լրատվամիջոցներից առաջընթաց է գրանցվել միայն էլեկտրոնային մամուլում, ինչը չի կարելի ասել հեռուստատեսության և տպագիր մամուլի մասին: «Հեռուստատեսությունում խոսքի ազատությունը վատ մակարդակում է: Տպագիր մամուլում որոշ չափով է առկա: Իսկ Էլեկտրոնային մամուլը, եթե այս տեմպերով գնա, կարող է ունենալ խոսքի ազատության բավական լավ մակարդակ»:

Միջոցառմանն աջակցում են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: