Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներից կազմված հայկական պատվիրակությունն առաջին անգամ մասնակցել է ինժեներական խոշորագույն «Հաննովեր Մեսսե 2012» ցուցահանդեսին (www.hannovermesse.de), ուր ավելի քան 6 հազ. 500 ընկերություն աշխարհի 65 երկրից ներկայացրել է իր նորարարական լուծումները:
Ցուցահանդեսին մասնակցելու հիմնական նպատակն էր նպաստել հայկական տեխնոլոգիական ընկերությունների առաջխաղացմանն արտերկրում, Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես տեխնոլոգիական երկիր և տարածել «made in Armenia» բրենդը միջազգային շուկայում:
Ինչպես տեղեկացնում են «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից», հայկական պատվիրակության մեջ ընդգրկված էին ներկայացուցիչներ ԻՏՁՄ-ից, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, «Եռաչափ մոդելավորման միությունից» , Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամից և «ԱրթինՎարուժան» ընկերությունից:
Հայաստանյան կազմակերպությունների մասնակցությունը միջոցառմանը կազմակերպել և համակարգել է ԻՏՁՄ-ն՝ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի աջակցությամբ: