Տուժածների մեծ մասը դուրս է գրվել. Է.Շարմազանով

«Ես արդեն եղել եմ Հանրապետական հիվանդանոցում և «Նաիրի» բժշկական կենտրոնում, հիմա էլ «Էրեբունի» հիվանդանոցում եմ, և կարող եմ ասել, որ բարեբախտաբար, ծանր այրվածքներ ոչ ոք չի ստացել: Հիմնականում դրանք երկրորդ կամ երրորդ աստիճանի այրվածքներ են»,- ասել է նա հեռախոսազրույցում:

Շարմազանովի խոսքով` տուժածների ճնշող մեծամասնությունը ՀՀԿ երիտասարդական թևի անդամներն են: «Ես մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ պայթյունի պատճառը եղել է ծխախոտի կամ կրակվառիչի կրակը: Ամեն ինչ պարզապես պատահականություն է»,- նշել է նա:

Նա հորդորել է չքաղաքականացնել պայթյունը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել և հոսպիտալացվել էր 144 մարդ: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Շուշան Հունանյանը, նրանց մի մասն էլ տուժել է խուճապի արդյունքում, և շատերը հեռացել են հիվանդանոցից առաջին բուժօգնությունը ստանալուն պես:

Պայթյունը տեղի է ունեցել հանրահավաքի բեմից ոչ շատ հեռու. միաժամանակ պայթել են հարյուրավոր փուչիկներ` հավաքվածների վրա ցողելով հալված ռեզինի կտորներ:

ԱԻ նախարարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը հաղորդել է, որ փուչիկները լցված են եղել հելիումով, իսկ պատճառը վառված ծխախոտն է եղել. սակայն, ռուսական գործակալությունը նկատում է, հելիումը իներտ (չեզոք) գազ է և չի վառվում:

Մեկնաբանել