Հացադուլավորի հովանոցն առգրավելն օրինաչա՞փ էր

«Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներ անդրադարձել են Արտավազդ Վարդանյանի հայտարարած հացադուլին` նշելով, որ ոստիկանությունը նրան արգելում է վրան դնել  ԿԸՀ-ի դիմաց: Արդեն տևական ժամանակ վրանների չարչրկված թեման օգտագործվում է ոստիկանության գործողությունները կասկածի տակ առնելու համար, այն դեպքում, երբ նման միջոցառումների ժամանակ վրաններ տեղադրելու իրավական հիմքերի վերաբերյալ ոստիկանությունն այս շրջանում բազմաթիվ հիմնավոր պարզաբանումներ է հրապարակել (ՏԵՍ՝ ԱՅՍՏԵՂ), որոնք ուղարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Կարծում ենք` խնդիրը լիարժեք պարզաբանված է և կրկին հորդորում ենք ձեռնպահ մնալ ոստիկանությանն անհիմն քննադատելու մարտավարությունից»,- նշված է Ոստիկանության պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ից ՀՀ քաղաքացի, մարտի 1-ի հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը, իրացնելով իր սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, հացադուլ է հայտարարել և նստացույց է անում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց: Նա մտածող մարդկանց կոչ է անում որպես փակուղուց դուրս գալու ելք այլընտրանքային ընտրությունների անցկացման ուղիներ որոնել, նախագծեր առաջարկել, քննարկել, բանավիճել և ժողովրդին դուրս բերել այս իրավիճակից: Այսօր «Ա1+»-ին Արտավազդ Վարդանյանը հայտնել է, որ կեսգիշերին նրան մոտեցել են անհայտ անձինք, ուժով նստացրել մեքենան և տարել իր տուն, որը գտնվում է Մուսալեռում։ Նա տաքսի է նստել ու վերադարձել ԿԸՀ-ի մոտ, սակայն այնտեղ չի գտել իր իրերը և հովանոցը: