Լույս է տեսել ադրբեջաներենի հայերեն դասագիրք

Գրքի հեղինակն Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Լիլիթ Մովսիսյանն է, խմբագիրը` ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը: Թուրքագիտության ամբիոնում 2008-ից ուսումնասիրում են ադրբեջաներեն, բայց` առանց դասագրքի: Ակադեմիական այս հրատարակությունը բացի գիտական արժեքից, ունի նաև ռազմավարական մեծ նշանակություն:

Ռուբեն Մելքոնյան խոսքով` ադրբեջանագիտության զարգացման ուղղությամբ լուրջ քայլեր են արվում: Ուսումնասիրությունների հիմնական 3 ուղղություններն են` Ադրբեջանի պատմությունը, գրականությունը, լեզուն:

Հայ արևելագետները բազմիցս են նշել, որ ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանը հայագիտությամբ սկսել է զբաղվել ավելի վաղ և ներդրել է ֆինանսական մեծ ռեսուրսներ: Սակայն հայ մասնագետների խոսքով` այդ ուսումնասիրությունները հեռու են գիտական համարվելուց, քանի որ առավելապես միակողմանի-քաղաքական են:

«Այդ աշխատանքները հիմնականում քաղաքականացված են, գաղափարական ազդեցության տակ են և գիտական անաչառությունը, օբյեկտիվությունը բացառվում է: Իսկ Հայաստանում թեկուզ ուշացումով, բայց ձևավորվող այս գիտությունն ունի հստակ գիտական չափորոշիչ: Սակայն մեր ներկայացրած դասագիրքը և դրանով սովորող մարդիկ շատ հանգիստ կարող են այդ գիտելիքներն օգտագործել և քաղաքական, և քարոզչական, և տեղեկատվական պատերազմներում»,- այսօր ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:

Մեկնաբանել