Դատարկվող գյուղի և հեղափոխության մասին

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ ցնցող հայտարարություններ են անում արտագաղթի վերաբերյալ, ինչը հասարակության բուռն արձագանքից հետո փորձում են ներկայացնել որպես կատակ կամ ընդդիմախոսների կողմից շահարկումներ:
Մոտ մեկ տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի «կատակը» կրիտիկական զանգվածի և արտագաղթի մասին կարելի էր մոռանալ, եթե չլիներ Սերժ Սարգսյանի՝ սրան լրացնող մտքերը սահմանամերձ գյուղերի դատարկման մասին: ՀՀ նախագահը մեծ խնդիր չի տեսնում այդ բնակավայրերի դատարկման մեջ: Նախագահի տրամաբանությամբ՝ եթե շրջակայքում կան նորմալ ենթակառուցվածքներ ունեցող բնակավայրեր, ապա նախընտրելի է, որ լեռնային գյուղի 10-12 ընտանիքը իջնի ու բնակվի նորմալ գյուղում:

Դեռ 2010թ. մարտին սիրիական «Ալ Վաթան» թերթի հետ հարցազրույցում ՀՀ նախագահը, անդրադառնալով Արցախի թերբնակեցված շրջաններին, ասել էր. «Հակառակ Ադրբեջանի պնդումներին՝ այդ գոտին մեր կողմից ո՛չ բնակեցվում և ո՛չ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»: Նախագահի այս մտքերի քննադատությունը մի խումբ վերլուծաբաններ փորձում էին լռեցնել՝ «ասեց, հո չհանձնե՞ց», «նախագահ է, մի բան պետք է ասի» և այս շարքի այլ փաստարկներով:

Ես հակված եմ վերոնշյալ և սահմանամերձ գյուղերի վերաբերյալ մտքերի, ինչպես նաև Տիգրան Սարգսյանի արտագաղթի ու կրիտիկական զանգվածի վերաբերյալ դատողությունների միջև շղթա տեսնել:

Թերբնակեցված շրջաններն ու սահմանամերձ գյուղերը բնակեցնելը ենթադրում է բարձր գիտակցություն և արդյունավետ աշխատանք: Սա կարող է անել հայաստանյան այն կառավարությունը, որը հստակ նպատակ ունի դեր խաղալ այս տարածաշրջանում: Այսօրվա իշխանությունները նման նպատակ չունեն: Ավելին՝ օր օրի Հայաստանի տնտեսական կառուցվածքին ավելի շահավետ են դառնում ուրբանիզացման բարձր մակարդակը և արտագաղթը: Օրեցօր ավելի են հզորանում ներկրողները, ներկրվող ապրանքների մի շարք շուկաներ պարզապես մոնոպոլիզացված են և գտնվում են իշխանությունների հսկողության ներքո՝ ապահովելով հսկայական շահույթներ:

Ներկրման և արտահանման դիսբալանսն էլ հիմնականում լրացվում է տրանսֆերտներով: Տրանսֆերտների մեծությունը կախված է արտագնա աշխատողների մեծ թվից:

Հետևաբար՝ Տիգրան Սարգսյանի ասած կրիտիկական զանգվածը ոչ միայն պետք է արտագաղթի, որ հեղափոխություն չանի, այլ նաև պետք է փող ուղարկի, որ հայրենիքում մնացած հարազատներն օգտվեն մենաշնորհային դիրք ունեցող ներկրողների ծառայություններից:
Սակայն մենք ոչ միայն աշխատուժ, այլ նաև հանքանյութ ենք արտահանում: Անհայտ ծագում կամ բաժնետեր ունեցող ընկերությունները տանում են Հայաստանի ընդերքը՝ կոպեկներ թողնելով հարստության իսկական տիրոջը՝ ՀՀ քաղաքացիներին:

Այնպես որ՝ պետք չէ բնակեցնել սահմանամերձ գյուղերն ու թերբնակեցված շրջանները: Ավելի հեշտ է մարդկանց կենտրոնացնել մի քանի քաղաքներում, որտեղ զանազան «Երևան-սիթիները» կվաճառեն անհրաժեշտ իրերն ու մթերքը, իսկ բանկերն էլ օպերատիվ ձևով ձեզ կհասցնեն արտերկրում աշխատող հարազատի ուղարկած գումարը:

Մեկնաբանել