Տունդ հոն է, ուր սիրտդ է

Նա Երուսաղեմից Երևան էր ժամանել Գրողների համահայկական 6-րդ համաժողովի առիթով: Ավելորդ էր բանաստեղծուհուն հարցնելը, թե որերորդ անգամ է նա Մայր հայրենիքում: Չէ՞ որ անգիր գիտեի պատասխանը. «Ամեն տարի կու գամ Հայաստան: Ան օդի նման կարևոր է ինծի համար։ Ես Հայաստանով կ՛ապրիմ, Հայաստանով կը շնչեմ»:

Սրանք լոկ հայրենակարոտ բանաստեղծուհու պատկերավոր մտքեր չեն: Անուշին գիտեմ դեռ ուսանողական տարիներից, երբ սովորում էր Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Կրակոտ, կենսախինդ աղջնակ էր, որի արտաբերած մեղրածոր արևմտահայերենը բոլորիս խմբում էր իր շուրջը: Հետագայում իմացա, որ մանկուց բանաստեղծություններ է գրել: Սակայն միայն 1993թ. համարձակվեց դրանք լույս ընծայել՝ Երուսաղեմում տպագրելով իր անդրանիկ «Սիրոյս տաք շունչէն» ժողովածուն: Այժմ արդեն բանաստեղծական չորս և արձակ մեկ ժողովածուների հեղինակ է, որ նաև իր քերթվածների հատընտիրն է հրատարակել՝ «Եթե յանկարծ տեսնես իրեն» վերնագրով: Անցած օրերին սփյուռքահայ բանաստեղծուհին պարգևատրվեց ՀՀ վարչապետի հուշամեդալով:
-Անուշ, անձամբ քեզ ի՞նչ տվեց Գրողների համահայկական համաժողովը։

-Միակ տեղը, որ հայ մտավորականութիւնը կրնայ հանդիպիլ, Հայաստանն է: Տարբեր, յաճախ թշնամի երկիրներէ կու գանք: Մտքերու փոխանակութիւնը, իրարու հետ հայրենի հողի վրայ ըլլալը, մեզի հոգեկան լիցքեր կու տայ: Հաճելի է իմանալ, թե գրչեղբայրդ ինչով կը զբաղի, ինչ կընէ:

-Թույլ տուր շնորհավորել քեզ Հայոց գրատպության 500-ամյակի և Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առիթներով։

-Շնորհակալութիւն: Իմ պատկերացմամբ հայու համար ամէն տարի ալ գրքի տարի է: Մեկ պատմութիւն յիշեմ։ 1948թ. մայրս գաղթական կ’ելլէ Եաֆայէն: Այսօր ալ ցավով կը յիշե, թէ մօր ոսկեայ վզնոցը մոռցած էր այդտեղ: Երբ հարցուցի, թէ ինչո՞ւ ձեր հետ հարստութիւնը չ’առիք, շատ հետաքրքիր պատասխան մը տուաւ. «Տասը օրուայ համար ելած էինք: Ի՞նչ պիտի ընէի ոսկիներս առնելով: Բայց առած էի Յակոբ Օշականի «Հայ գրականութիւն»-ը, Վահան Թէքէյեանի բանաստեղծական ժողովածուն և Սուրբ գիրքը»:

-Անուշ, մի քիչ պատմեիր երուսաղեմահայ գաղութի ներկա վիճակի մասին։

-Երուսաղեմի հայ համայնքը վերակենդանացած է հայկական ցեղասպանութենէն ետք, երբ 800-էն ավելի որբեր տարուած են այնտեղ:

Անոնք մեծցած են, ընտանիք կազմած: Ոմանք ալ հոգևորական դարձած են և գրաուած կարևոր պաշտոններ: Երուսաղեմը մեծ դեր խաղցած է Սփիւռքի կեանքին մեջ՝ պատրաստելով ուսուցիչներ, խմբագիրներ, մտաւորականներ: Աղջիկներու առաջին վարժարանը, նոյնպես և առաջին տպարանը Պաղեստինի մեջ հայերը հիմնած են: Առաջին լուսանկարիչը հայ Եսայի պատրիարքը եղած է: Հայերն են, որ տարածած են հախճապակիի արուեստը, արծաթագործութիւնն ու ոսկերչութիւնը: Մենք մեծ գաղութ ունեցած ենք. ժամանակին հայոց Սրբոց Հակոբեանց վանքին մեջ ապրած են հինգ հազար հոգի: Այսօր առաջին տպարան հիմնած հայերը թեև տպարան ունին վանքին մեջ, սակայն այն փակ է: Նուազած է հայութեան, ուստի և աշակերտութեան թիւը: Հայ Երուսաղեմն այսօր կ’ապրի իր թերևս ամենատխուր օրերը: Գրական-մշակութային կեանք գրեթէ չկայ: Ամբողջ համայնքը երգչախումբ մը, պարախումբ մը չունի, թերթ մը չի հրապարակուիր:

Ինչո՞վ պիտի մեծանայ հայ սերունդը։

-Բայց չէ՞ որ հենց դո՛ւ շարունակում ես գրել, իսկ անցած մարտ ամսից սկսել ես նաև թերթ հրատարակել։

-Յուսամ՝ վերջին բոետը չեմ ես, և այս տխուր վիճակը տեսնելով՝ մտածեցի ամսաթերթ մը սկսիլ՝ «Անդրադարձ» անունով: Նպատակս էր խօսիլ այն ամենին մասին, որ Սփիւռքը հայ պահեց այսքան տարիներ: Այսպես մեծցանք մենք՝ հպարտ մեր անցեալով և մեր պատմութեամբ: Անձնական միջոցներով կը հոգամ բոլոր ծախսերը: Թերթի ամէն մեկ թիւին մէջ կը շեշտեմ մեր լեզուին, մեր հաւատքին, մեր մշակոյթին ու աւանդութիւններուն կարևորութիւնը: Կ’ուզեմ ներկայ վիճակին պատճառներն իմանալ: Ըստ իս՝ ոչ միայն արտաքին կացութիւնն է մեր թշնամին, այլև մեր ներքին անտարբերութիւնը գիր ու գրականութեանը, լեզուին ու մշակոյթին: Կը յուսամ, թե «Անդրադարձ» թերթը իր իսկական անդրադարձը պիտի ունենայ երիտասարդներու կեանքին վրայ:

-Ի՞նչ զգացողություններ ունեցար պարգևն ստանալիս։

-Երբ առաջին անգամ Հայաստան եկայ՝ ուսանելու, այնպէս կը կարծէի, թէ ըլլալով առաջին տարուայ ուսանողուհի, արդէն ամեն բան գիտեմ: Իսկ երբ աւարտեցի ու ստացայ վկայական, զգացի որ մեծ պատասխանատվութիւն ստանձնեցի: Յուշամետալն ստանալուց յետոյ ես իրաւունք չունիմ թերանալու իմ գործի մէջ: Ամէն անգամ ինքս ինծի հարց կու տամ. «Հայաստա՛ն, ի՞նչ եմ առանց քեզ» ու կը պատասխանեմ. «Հայ՝ առանց տան»: Հայրենիքն ինծի համար հովանաւորութիւն է, պաշտպանութիւն: Ես հայրենիքով մեծցայ, Հայաստանն ալ իմ մէջս մեծցաւ…

Այսպես է մտածում ու ապրում սփյուռքահայ բանաստեղծուհին։ Անուշ Նագգաշյանի բանաստեղծությունները սիրո ու կարոտի երգեր են առ Հայրենիք ու ծնողք, առ Մայրենի լեզու ու սիրած էակը: Նա միայն բանաստեղծություններ չի գրում. նա նաև բանաստեղծորեն ապրում է: Ապրում է իր Հայաստան աշխարհը մի օր հզոր տեսնելու տեսլականով: Աշխարհ, որն Անուշի համար մի մեծ պոեմ է: Ու դրան գեթ մեկ տող ավելացնելու ցանկությունն է համարում իր առաքելությունը:

Մեկնաբանել