Ա.Աշոտյանն ակտիվացնում է օտարալեզու դպրոցների օրինագիծը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խնդիրներ` համատեղ ծրագրերի իրականացման և երկկողմանի կապերի ամրապնդման համատեքստում: Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է երիտասարդ մասնագետների որակյալ կրթության և մրցունակության խնդիրը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի պետական համալսարանում կրթական, գիտական և մշակութային ուղղվածությամբ արաբագիտության կենտրոն ձևավորելու և Երևանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու հնարավորությանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Հայաստանն ու Քուվեյթը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ հեռանկարներ ունեն, և կրթության ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու պետությունների միջև կրթության բնագավառում համագործակցության հնարավոր հուշագրի ստորագրման և բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի տրամադրման խնդիրներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից:

Մեկնաբանել