Հայաստանը բանակցում է ռուսական կողմի հետ «Սպուտնիկ V»-ի մոտ 15 000 դեղաչափ գնելու շուրջ

Հայաստանը կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարման հարցով այս պահին ռուսական կողմի հետ գտնվում է պայմանագրերի ստորագրման փուլում, սակայն դեռևս մատակարարման հստակ օր նշել հնարավոր չէ․ այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։

Ըստ Սահակյանի՝ իրենք սպասում են ռուսական կողմից ստորագրված պայմանագրի ուղարկմանը, և երբ պայմանագիրը ստորագրված լինի, պատվաստանյութը 10 օրերի ընթացքում  Հայաստանում կլինի։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենի խոսքով՝ այս պահին էլ, սակայն, «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումներ կատարվում են։

«Մենք ունեինք 2 խմբաքանակ, որ երկրին նվիրատվություն էր տրվել Ռուսաստանի կողմից՝ առաջին անգամ 30 հոգու համար՝ 60 դեղաչափ, երկրորդ անգամ՝ 1 000 հոգու համար՝ 2 000 դեղաչափ։ Այս պահի դրությամբ կովիդ հիվանդանոցների բուժաշխատողներին արդեն պատվաստում ենք՝ հաշվի առնելով, որ նրանք ամենաբարձր խոցելիություն ունեցող ռիսկի խմբերն են։ 

Մյուս կողմից, այս պահին մենք բանակցություններ ենք տանում նաև Ռուսաստանի հետ՝  լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու համար՝ մոտ 15 000 դեղաչափ 7,5 հազար մարդու համար»,- հայտնեց Սահակյանը։

Հարցին, թե «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումից հետո ովքե՞ր են պատվաստվելու, Գայանե Սահակյանը պատասխանեց, որ իրենք ունեն առողջապահության նախարարի հրամանով հաստատված՝ փորձագիտական հանձնաժողովի կողմից  առաջարկություններ, թե ովքեր են երկրում առաջին թիրախային խմբերը, և ներկրվող խմբաքանակը հենց նրանց համար է նախատեսված։

«Մենք այժմ զուգահեռ բանակցություններ ենք վարում, որպեսզի պետությունն այլ պատվաստանյութ էլ գնի, սակայն որը կլինի հաջորդը և ինչ խմբաքանակով՝ դեռ պարզ չէ»,- եզրափակեց Գայանե Սահակյանը։

Գեղեցիկ Ոսկանյան