ՄԱԿ խոսնակն «անհիմն է» համարում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի դեմ լրտեսության մեղադրանքները

ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը անհիմն է համարում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի դեմ լրտեսության մեղադրանքները։ Դյուժարիկն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՄԱԿ պաշտոնական կայքը։

«Նրա դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են, ես վճռականորեն կպաշտպանեմ նրան։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայաստանի կառավարությունը պայմանավորվել են, որ Մարիան Քլարկ‑Հաթինգն այս ամիս կավարտի իր աշխատանքը որպես Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ և կտեղափոխվի ծառայության այլ վայր։ Նա հանդիսանում է բարձր որակավորում ունեցող, փորձառու մասնագետ, որը նախկինում աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կենտրոնակայանում, ինչպես նաև կազմակերպության ներկայացուցիչն է եղել Մալազիայում և այլ վայրերում՝ Սոմալիում, Գվինեայում, Բենինում և Մադագասկարում զբաղեցրել է տարբեր պաշտոններ»,- ասել է Դյուժարիկը:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակը նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում երեխաների շահերի համար աշխատում է 1993 թվականից և սերտ ու արդյունավետ գործընկերային հարաբերություններ ունի կառավարության հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մարտի 9-ին ՍիվիլՆեթին հայտնել էր, որ Հայաստանի կառավարության որոշմամբ դադարեցվել է Մարին Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ։ «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը»,- նշել էր Աննա Նաղդալյանը։

Տելեգրամյան ալիքներում տեղեկություններ էին շրջանառվում, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:

Մեկնաբանել