Ադրբեջանը Եվրատեսիլի լույսի ներքո․ արևմտյան մամուլի արձագանքը

Inopressa.ru կայքը ներկայացրել է արևմտյան լրատվամիջոցների արձագանքը Բաքվում կայացած Եվրատեսիլի մրցույթին:

Ֆրանսիական Le Figaro-ի թղթակից Պյեր Ավրիլը գրում է, որ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդականի հետ, որը պատասխանատու է երկրի միջազգային իմիջի համար: Ավրիլը գրում է, որ Ադրբեջանի մասին խոսելիս՝ այդ պաշտոնյան հասկացություններ էր օգտագործում, ինչպես օրինակ՝ «տնտեսության ազատականացում», «եվրոպական չափանիշներ», «իսլամի և քրիստոնեության հանդիպման վայր»: Լրագրողը նկատում է, թե ինչպես է նա հոգնել պատասխանել երկրի ընդդիմության, արևմտյան իրավապաշտպանների և թշնամի հարևանների անդադար քննադատությանը, որոնք Եվրատեսիլի առիթն օգտագործում են Ալիևի ռեժիմի դաժանությունն ու կոռումպացվածությունն ընդգծելու համար:

Ավրիլը գրում է, որ Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Նադեժդա Իսմայիլովան հայտնվել է իշխանությունների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ լրագրողական հետաքննության արդյունքում պարզել է, որ Եվրատեսիլի օբյեկտների շինարարության պատճառով շուրջ 60 հազ․ մարդ զրկվել է տներից, իսկ Ալիևների ընտանիքը անձամբ է ստանձնել խոշորամասշտաբ շինարարության գործը: Լրագրողական այս հետաքննության պատճառով Իսմայիլովային սկսել են անանուն սպառնալիքներ ուղարկել, իսկ նրա անձնական կյանքի մասին տեսագրությունը հայտնվել է ինտերնետում: Ադրբեջանը բախվում է նաև Իրանի քաղաքական հարձակումներին: Թեհրանը Եվրատեսիլն անվանում է «գեյ շքերթ» և քննադատում Ադրբեջանի խորացող համագործակցությունն Իսրայելի հետ:

Le Figaro-ի թղթակիցը նշում է, որ Բաքվի ռեժիմի համար երկրի ընդդիմության և իսլամիստական սպառնալիքները աստիճանաբար խառնվում են իրար, բայց իշխանությունները նավթային եկամուտների շնորհիվ դեռ կարողանում են ապահովել սոցիալական հանգստություն և սանձել դժգոհությունները, թեև Բաքվում արդեն սկսել են խոսել Ուկրաինայի օրինակով խաղաղ նարնջագույն հեղափոխության կամ Եգիպտոսի օրինակով ռեժիմի տապալման հնարավոր սցենարների մասին, ինչն ընդամենը մեկ տարի առաջ անհնար էր թվում:

Ամերիկյան Wall Street Journal թերթում Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության աշխատակից Գեորգի Գոգան գրում է, որ քանի դեռ Ադրբեջանը զբաղված է երաժշտական մրցույթին ճոխություն ու փայլ հաղորդելով, լրագրողներն այդ երկրում նստած են բանտերում:

Գոգիան, նշելով մի քանի օրինակներ, գրում է, որ Ադրբեջանում մեծ խնդիր է լրագրողների ինքնագրաքննությունը, որն առաջացել է նրանց ահաբեկելու արդյունքում: Նա նշում է, որ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի՝ Եվրատեսիլի օբյեկտների շինարարության մասին բացահայտումներին անդրադարձել են միայն «Թուրան» գործակալությունը և «Ազատություն» ռադիոկայանը: «Եվրատեսիլի առիթով Բաքվում տոնական տրամադրություն է տիրում, սակայն մթնոլորտը դատարանի դահլիճում սթափեցնում է»,- գրում է Գեորգի Գոգան և Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներին կոչ անում «չթուլացնել ճնշումը իշխանությունների վրա»:

Բրիտանական Guardian-ը նշում է, որ ոստիկանությունը հինգշաբթի՝ Եվրատեսիլի եզրափակչից ընդամենը երկու օր առաջ, բռնությամբ ցրել է ընդդիմության հանրահավաքը Բաքվում՝ ձերբակալելով ավելի քան երեսուն ընդդիմադիրների: «Ձերբակալությունները կրկին հիշեցնում են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին մի պահի, երբ նավթառատ այս երկիրը Եվրատեսիլի միլիոնավոր երկրպագուների առջև փորձում է իրեն լավագույնս դիրքավորել»,- գրում է Guardian-ը:

Գերմանական Handelsblatt-ը գրում է, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Եվրատեսիլի մրցույթի կազմակերպման համար «կովկասյան հանրապետության ավտորիտար ռեժիմը» իր նավթագազային եկամուտներից շուրջ 50 միլիոն եվրո է ծախսել, սակայն փորձագետները չեն բացառում, որ ծախսերը անցնում են կես միլիարդ դոլարից: «Այդ փայլը կոչված է թաքցնելու ադրբեջանցիների կյանքի նվազ փայլուն կողմը»,- գրում է գերմանական թերթը և թվարկում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներն ու մարդկանց հետապնդումները:

Ամերիկյան Washington Post-ի թղթակիցը հարցադրում է անում․ «Մի՞թե ԽՍՀՄ-ը վերջապես նվաճում է Եվրոպան. 2001-ից ի վեր հինգ նախկին խորհրդային հանրապետություններ հաղթում են Եվրատեսիլում»: «Տեսականորեն Եվրատեսիլի նպատակն է Եվրոպայի միասնականացումը, իսկ այդ մրցույթի ամենահայտնի հաղթողները շվեդական «Աբբա» խումբն է: Սակայն Ադրբեջանը Եվրոպայում չէ և նրա մշակույթն էլ եվրոպական չէ: Այնտեղ վատ են վերաբերվում միասեռականներին, իսկ իշխանությունները նախկին ԽՍՀՄ տարածքում ամենաավտորիտարներից մեկն է»,- գրում է թերթը:

Մեկնաբանել