Ոստիկանությունը կպատժի գիշերային հրավառությունների համար

Հրավառությունները ժամը 23:00-ից հետո արգելված են: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում: Ոստիկանությունը հայտարարել է, որ հետևողական է լինելու հրավառությունների սահմանված կարգը պահպանելու, խախտումները կանխելու, օրինախախտներին պատասխանատվության կանչելու գործում:

«Հրավառությունները վերջին տարիներին մեր կենցաղի մասն են դարձել: Գեղեցիկ ավանդույթ է, սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, տվյալ դեպքում` օրենքի սահմաններում: Հրավառություններ պատվիրողներն ու կազմակերպողները երբեմն չեն կատարում օրենքի պահանջը: Հաճախ ականատես ենք և՛ կեսգիշերային, և՛ ավելի ուշ ժամի հրավառությունների:

Իհարկե, տոնախմբությունն ուրախ հրավառությամբ եզրափակելն արգելված չէ, բայց ուրախության տերը պետք է հիշի ոչ միայն իր, այլև ուրիշների իրավունքների մասին. չէ՞ որ շրջակայքում մարդիկ են ապրում` ծերեր, հիվանդներ, երեխաներ, կանայք, որոնց գիշերային անդորրը խախտվում է հրավառությամբ` չխոսելով արդեն հնարավոր ավելի ծանր հետևանքների մասին:

Ցավոք, այս իրողությունը երբեմն չեն ընկալում և իրավունքի ու պարտականության սահմանը խախտում են նաև զվարճանքի վայրերի սեփականատերերն ու պատասխանատուները:

Եվ այնուամենայնիվ, համակեցության կանոնների պահպանման հարցում հաջողության գրավականը ոչ թե կանխարգելումն ու պատիժն են, այլ հանդուժողականությունը, փոխադարձ հարգանքն ու օրինապահությունը:

Ոստիկանությունը պատրաստակամ է այս դաշտում սերտորեն համագործակցելու բարի կամքի տեր բոլոր կառույցների ու քաղաքացիների հետ»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել