Կենտրոնական բանկը 2021-ի համար Հայաստանում տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը նվազեցրել է

Կենտրոնական բանկը 2021-ի համար Հայաստանում տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը նվազեցրել է։ Եթե նախկինում ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում էր 2 տոկոսի տնտեսական աճ, ապա այժմ այդ թիվը 1,4 է։

«Սա պայմանավորված է առաջին եռամսյակում տնտեսական որոշ ճյուղերում թուլացումներով՝ արդյունաբերություն, ծառայություններ, գյուղատնտեսություն»,- մարտի 16-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա ավելացրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական ցածր ակտիվությունը պահպանվում է։

Անցյալ տարվա 7,6 տոկոսի տնտեսական անկումից հետո, ըստ Գալստյանի, այս տարի դեռևս բանկերում ֆիզիկական անձանց ներդրած ավանդների ծավալներն աճել են։

ԿԲ խորհրդի այսօրվա որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ է թողնվել՝ 5,5 տոկոս։ ԿԲ նախագահը նաև նշեց՝ միջազգային հանքահումքային շուկայում գնաճի հետևանքով Հայաստանում ևս գնաճային սպասումները պահպանվում են։

Մեկնաբանել