Սիրիան մուտք է տրամադրել մարդասիրական կազմակերպություններին

ՄԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով՝ Սիրիայի կառավարությունը մարդասիրական շարասյուներին թույլատրել է բեռներ փոխադրել Հոմսում, Իդլիբում, Դերաայում և Դեյր էզ Զորում։

Համաձայնագիրը ստորագրվել է Սիրիային մրադասիրական օգնության ցուցաբերման վերաբերյալ ֆորումի արդյունքներով, որը փակ դռների հետևում անցկացվել է այսօր Ժնևում։ Այն պետք է մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների համար ապահովի տեղաշարժման ազատություն և մարդասիրական անխոչընդոտ գործունեություն։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում մարդասիրական օգնության կարիք ունի ավելի քան 1 մլն մարդ։

Հիշեցնենք, որ Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը սկսվել է անցյալ տարվա մարտին։ Երկրի ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։

Մեկնաբանել