Վարդան Մինասյան. Պաշտպանությունից դժգոհ եմ, Կասպարովը գերազանց խաղաց

Հայաստան – Ղազախստան խաղից հետո Վարդան Մինասյանը հանդիպեց լրագորղների հետ։ Հիշեցնենք, որ մեր հավաքականը հաղթել է 3։0 հաշվով։
Մարզիչը մասնավորապես ասաց, որ դժգոհ է պաշտպանական գծի գործողություններից, սակայն գնդակով խաղը թիմի մոտ ստացվեց։ Մինասյանի խոսքերով՝ խաղից առաջ ինքը նախատեսել էր որոշ բաներ փորձարկել, սակայն դա չի արել, քանի որ ստիպված է եղել հարկադրաբար երեք փոփոխություն կատարել։ «Խաղացողները խնդրեցին ինձ փոխարինել իրենց։ Նրանց վնասվածնքերը, կարծես, լուրջ չեն», – ասաց Մինասյանը։ Նա հատուկ նշեց, որ իր համար կարևոր չէին երկու ընկերական հանդիպումների հաշիվները, քանի որ ինքը ցանկանում էր որոշ բաներ տեսնել և տեսավ դրանք։
«Հունաստանի խաղի հետ համեմատ փոփոխությունները դիրքային էին։ Ցանկանում էինք Սարկիսովին փորձարկել աջ եզրում, չեմ կարող ասել, որ նրա խաղը ստացվեց։ Ինչ վերաբերում է սխեմայի փոփոխությանը, ապա ես նախընտրում եմ փոխել ֆուտբոլիստին տվյալ սխեմայի մեջ, այլ ոչ թե սխեման», – նշեց գլխավոր մարզիչը։ Մինասյանը նաև ասաց, որ մրցակիցների խաղում փոփոխություններ չի նկատել։
Այն հարցին, թե ինչպես կգնահատի Հայաստանի հավաքականի երկու առաջատարների խաղը, Մինասյանը պատասխանեց հարցով․ «Իսկ ո՞վքեր են մեր թիմի երկու առաջատարները, ես 20 առաջատար ունեմ», – ասել է մարզիչը։ Անդրադառնալով դարպասապահ Կասպարովի խաղին, ով, հիշեցնենք, փոխարինել էր Հունաստանի հետ խաղում վնասվածք ստացած Ռոման Բերեզովսկուն, Վարդան Մինասյանը նշեց, որ Կասպարովի մոտ ամեն ինչ ստացվեց և տա Աստված, որ այդպես էլ շարունակվի։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել