Հարությունյանը և Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը քննարկել են Սյունիքի անվտանգային խնդիրները

Մարտի 23-ի երեկոյան կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։

«Անդրադարձ է կատարվել հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերին։ Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը պայմանավորվածություն են ձեռք բերել նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով մոտ ժամանակներս Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի և բանակցությունների անցկացման վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել