COVID դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին

Կորոնավիրուսով վարակված և թեստի դրական պատասխան ունեցող 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Առողջապահության նախարարությունն անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդը ընդլայնելու ուղղությամբ: Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,- գրել է Սիմոնյանը։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մարտի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում համաճարակային վիճակը կտրուկ վատթարացել է, կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է։