Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տանում և բարձրանում 2-րդ տեղ. Եվրո 2013

Եվրո 2013-ի ընտրական փուլի 3-րդ խմբում ընդգրկված Հայաստանի երիտասարդական հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում 4:1 հաշվով պարտության մատնեց խմբի ետնապահ Անդորրայի ընտրանուն և 6-րդ տուրից հետո վաստակած 11 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական:

Ամբողջ հանդիպումն անցավ Ռաֆայել Նազարյանի սաների բացահայտ առավելությամբ: Արդեն 4-րդ րոպեին Արտակ Եդիգարյանի հարվածից հետո գնդակը ետ մղվեց հորիզոնական դարպասաձողից և վրա հասած Հովհաննես Հովհաննիսյանը բացեց հանդիպման հաշիվը:

25-րդ րոպեին Հովհաննիսյանը մեն մենակ դուրս եկավ մրցակցի դարպասապահի առջև, բայց շեղ հարվածեց: 33-րդ րոպեին Անդորրայի հավաքականին հաջողվեց խփել պատասխան գոլը, աչքի ընկավ Ադամ Սմիթը:

Հյուրերի ուրախությունը երկար չտևեց. 36-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը մոտ տարածությունից հուժկու հարվածով կրկին առաջ մղեց Հայաստանի հավաքականին:

46-րդ րոպեին Արտակ Եդիգարյանը հեռահար հարվածով հաշիվը դարձրեց 3:1, իսկ 90-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը հաշիվը դարձրեց խոշոր:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Անդորրային և վաստակած 11 միավորով զբաղեցնում է 3-րդ խմբի 2-րդ հորիզոնականը: Խմբի առաջատարը Չեխիայի ընտրանին է, որն իր ակտիվում ունի 16 միավոր:

3-րդ տեղում Ուելսի հավաքականն է` 9 միավոր, Մոնտենեգրոյի ընտրանին 8 միավորով ընթանում է 4-րդ տեղում, իսկ Անդորրան միավոր չի վաստակել և եզրափակում է աղյուսակը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել