Հակոբ Արշակյանը հրաժարական է ներկայացրել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր իր վերջին աշխատանքային օրն է որպես նախարար։

«Որպես ՀՀ քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։ Որպես բարձաստիճան պաշտոնյա, միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»,- գրել է Արշակյանը։

Նա շնորհակալություն է հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար, և կառավարության գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար․ «Իմ հետագա գործունեությամբ կշարունակեմ աշխատել հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման»,- գրել է Հակոբ Արշակյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև մարտի 18-ին սրճարանում միջադեպ էր տեղի ունեցել։ Լրագրողը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել էր, որ Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա: Ավելի ուշ տելեգրամյան ալիքները տեսանյութ հրապարակեցին, թե ինչպես է նախարարը հարվածում նրա դեմքին։

Մեկնաբանել