Հայաստան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Հայաստանի գլխավոր դատախազության լրատվության բաժնից հայտնում են, որ Զվարթնոց օդանավակայանում ՌԴ գլխավոր դատախազին դիմավորել է Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի, Քյամրան Ալիևի և Իգոր Կրասնովի մասնակցությամբ:

Այդ շրջանակներում որպես միջազգային իրավական գործակցության ծավալման երաշխիք՝ Արթուր Դավթյանը բարձրացրել էր հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտությունը, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց սեղմ ժամկետներում Հայաստան վերադարձնելու, իսկ մինչ այդ նրանց կյանքի և առողջության երաշխավորման, նրանց այլ իրավունքների ապահովման հարցը:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել էր, որ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը կարևոր երաշխիք կհանդիսանա եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար:

Դավթյանը բարձրացրել էր նաև տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, դրա դեմ ընդհանուր պայքարի խնդիրը: Այդ հանդիպման ժամանակ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ վերը նշված, ինչպես նաև իրավական բնույթի այլ խնդիրների շուրջ քննարկումներն աշխատանքային ռեժիմով շարունակելու վերաբերյալ։

Մեկնաբանել