Կառավարությունը վստահեցնում է՝ Պղնձամոլիբդենայինում բաժնետոմսերի շուրջ վեճում չի աջակցում որևէ կողմի

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) բաժնետոմսերի շուրջ ծագած վեճում կառավարությունը մասնակցություն չունի և չի խրախուսում կողմերից որևէ մեկին․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի մեկնաբանություն արեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։

Ավելի վաղ Սիվիլնեթը գրել էր, որ Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը, որը տնօրինում է կոմբինատի բաժնետոմսերի 12,4 տոկոսը, դատի է տվել մյուս բաժնետերերին՝ դատարանից պահանջելով անվավեր ճանաչել բաժնետոմսերի առքուվաճառքի մի քանի պայմանագիր։ Զուրաբովը մարտի 16-ին հանդիպել էր նաև Նիկոլ Փաշինյանին։ Այս հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը աղքատիկ էր։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքով՝ «պարոն Զուրաբովի հետ հանդիպումը կրել է որպես ներդրողի հետ հանդիպման բնույթ»։ Թորոսյանն ասում է՝ ԶՊՄԿ-ի բաժնետերերի միջև սկիզբ առած հակասությունների մասին տեղյակ է, բայց այլ գործընթացների մասին տեղեկություն չունի։

«Օրենսդրությունը շատ պարզ է Հայաստանում, բաժնետոմսերի սեփականատերերը իրենց սեփականությունը օրենքով սահմանված կարգով կարող են տնօրինել, ու այդ սկզբունքը չի խախտվում»,- ասաց նա։

Զուրաբովի կողմից վիճարկվող պայմանագրերից մեկը վերաբերում է ԶՊՄԿ-ի 75 տոկոսի առքուվաճառքին։ Մասնավորապես, գերմանական «Քրոնիմետ մայնինգ»-ից Պղնձամոլիբդենայինը հետ էր գնել 75 տոկոսի հասնող բաժնետոմսերը։ ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանը «ալոգիկ» էր որակել Զուրաբովի պահանջները։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել