Իտալական հրաշքը շարունակվում է (տեսանյութ)

Րոպեներ առաջ ավարտվեց Եվրո 2012-ի վերջին և ամենադիտարժան քառորդ եզրափակիչը: Իտալիայի հավաքականը 120 րոպե չկարողացավ կոտրել անգլիացիների դիմադրությունը և միայն ետխաղյա 11 մետրանոցներն ավելի դիպուկ իրացնելու (4:2) շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հանդիպման մեկնարկից մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը թիմերը պահպանեցին բարձր տեմպը: Արդեն 4-րդ րոպեին Դանիելե դե Ռոսին կարող էր խփել Եվրոպայի ընթացիք առաջնության ամենագեղեցիկ գոլը, սակայն մոտ 35 մետրից նրա թնդանոթային կրակոցից հետո տարօրինակ հետագծով ընթացող գնդակը ետ մղվեց դարպասաձողից: 2 րոպե անց հետևեց անգլիացիների պատասխանը` Գլեն Ջոնսոնը 7 մետրից հարվածեց, իսկԲուֆոնն ապացուցեց, որ ինքը շարունակում է մնալ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը:

Հոջսոնի սաները ևս 7-8 րոպե տիրեցին նախաձեռնությանն ու իտալացիները խլեցին այն մրցակցից ու մեկը մյուսի ետևից վտանգավոր գրոհներ կազմակերպեցին: Միայն Բալոտելին 2 անգամ պարտավոր էր բացել հաշիվը, սակայն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի եզրափակիչ հարվածը ոչ մի կերպ չէր ստացվում: Անգլիայի հաջորդ պատասխանը հետևեց 33-րդ րոպեին, երբՌունին և Ուելբեքը գերազանց խաղարկեցին գնդակը, բայց վերջինիս հարվածը փոքր-ինչ բարձր ստացվեց: 42-րդ րոպեին Բալոտելին 3-րդ հնարավորությունը ստացավ և 2 մետրից չկարողացավ գրավել Ջո Հարթիդարպասը. գնդակը բարձր ընթացավ:

Ընդմիջումից հետո իտալացիները շարունակում էին ճնշում գործադրել մրցակցի պաշտպանության վրա: Չի կարելի ասել` խաղադաշտում 1 թիմ էր, բայց իտալացիների առավելությունն ակնհայտ էր: 48-րդ րոպեին Դե Ռոսին 2 մետրից չկարողացավ գրավել Հարթի դարպասի անպաշտպան անկյունը: 52-րդ րոպեին Բալոտելին 4-րդ իրական հնարավորությունը ստացավ և կրկին մոտ տարածությունից չկարողացավ բացել հաշիվը, նրա հարվածից հետո Հարթը ետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Մոնտոլիվոյի հարվածը բարձր ընթացավ:

60-րդ րոպեին Ռոյ Հոջսոնը փորձեց կրկնակի փոփոխության միջոցով ակտիվացնել թիմի խաղը հարձակման գծում. Ուելբեքի և Միլների փոխարեն խաղադաշտ մտան Թեո Ուոլքոթն ու Էնդի Քերոլը: Այդուհանդերձ, գնդակով ավելի շատ իտալացիներն էին և իտալական գրոհներն ավելի վտանգավոր էին: Վտանգավոր գրոհները հաջորդում էին միմյանց, բայց հիմնական ժամանակի վերջին րոպոներին թիմերն առավել վտանգավոր գրոհներով փոխանակվեցին: Նախ 89-րդ րոպեին Նոչերինոյի հարվածից հետո Ջոնսոնը չգիտես որտեղից հայտնվեց դեպի դարպասն ընթացող գնդակի ճանապարհին, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Ուեյն Ռունին շրջադարձ հարվածով կարող էր հաղթանակ պարգևել Անգլիային:

Շատերն էին կանխատեսում, որ այսօր կգրանցվի Եվրո 2012-ի առաջին գոլազուրկ ոչ-ոքին, սակայն քչերն էին նման դիտարժան հանդիպում ակնկալում. թե՛ դիտարժանությամբ, թե՛ լարվածությամբ, թե գոլային պահերով այս հանդիպումը գերազանցում էր նախորդ 3 քառորդ եզրափակիչներին:

Լրացուցիչ ժամանակի սկզբնամասում մի պահ թված` թիմերը հոգնել են, բայց շուտով իտալացիներն ասես հասկանալով, որ նման 90 րոպեներից հետո չի կարելի թևաթափ լինել, կրկին շարժվեցին առաջ և շատ մոտ էին հաջողությանը. 102-րդ րոպեին Դիամանթիի հարվածից հետո դարպասաձողը երկրորդ անգամ օգնության հասավ Ջո Հարթին:

Լրացուցիչ երկրորդ խաղակեսում արդեն խաղադաշտում 1 թիմ էր` Իտալիայի հավաքականը, անգլիացիները միայն պաշտպանվելու մասին էին մտածում և չէին էլ փորձում հակագրոհել, իսկ Պրանդելիի սաների բախտը շարունակում էր չբերել: 115-րդ րոպեին նրանց հաջողվեց գոլ խփել, բայց Նոչերինոն աննշան խաղից դուրս վիճակում էր: Ամեն ինչ որոշվեց ետխաղյա 11 մետրանոցների արդյունքում: Իտալիան հաղթեց 4:3 հաշվով և արժանիորեն դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Գերմանիայի ընտրանու հետ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել