Ռուս խաղաղապահներն Արցախում Հաղթանակի օրվա երթի մարզումներ են անցկացրել

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր երթի մարզումներ են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ստեփանակերտի օդանավակայանում մարզումներին մասնակցել են շուրջ 400 ռուս զինծառայողներ: Նախատեսվում է, որ Հաղթանակի 76-րդ տարեդարձի օրը՝ 2021 թվականի մայիսի 9–ին, հանդիսավոր երթին կմասնակցեն մինչև 450 զինծառայողներ:

Բացի խաղաղապահ անձնակազմից, հանդիսավոր երթով անցնելու փորձերին մասնակցում են նաև հումանիտար արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների անձնակազմերը։

«Ներկայումս Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զորահանդեսային հաշվարկների վարժանքներն անցկացվում են հատուկ հատկացված ժամանակահատվածում, որպեսզի չխանգարեն խաղաղապահ զորակազմի կողմից առաջադրանքների կատարմանը»,- ասված է հաղորդագրությունում։