Ռազմագերիներն ու Բաքվի «պուրակը»՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ելույթներում

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ապրիլի 19-ի նիստում Հայաստանի պատվիրակության անդամներն իրենց ելույթներում բարձրացրել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, Բաքվի «ավարների պուրակի» և հայկական մշակութային կոթողների ոչնչացման հարցերը։

Էդմոն Մարուքյանի ելույթը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց:

«2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող 1 ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` հպարտորեն շրջելով և ցուցադրելով թանգարանում տեղ գտած հայկական զինտեխնիկան և հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե մանեկենները: Այսպես կոչված «ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված և գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն էր: Այս գործողությամբ Ալիևը միացավ այնպիսի բռնապետերի ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը և Սադամ Հուսեյնը։

Այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի պետությունում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում: Լուսանկարներից մեկում ադրբեջանցի երեխան խաղում է, հայ զինվորի ռասիստական մուլյաժի հետ, ով, հավանաբար, խոշտանգվել է Ադրբեջանի բանտում: Այս նկարներն ի ցույց են դնում այն, որ Ադրբեջանում հայերի և Հայաստանի հանդեմ համակարգային ռասայական ատելություն է տիրում։ Այս պուրակ այցելելու համար հերթեր են գոյանում, ինչը զզվելի է և պարզապես անընդունելի։ Ես կոչ եմ անում ձեզ ուշադրությանն արժանացնել այս իրադարձությունները և հուսով եմ, որ անհրաժեշտ և հրատապ միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար: Այսպես կոչված «ռազմավարի պուրակը» պետք է փակվի»,- ասել է Մարուքյանը։

Սոս Ավետիսյանի ելույթը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը նշել է, որ Բաքվում բացված ռազմավարի այգին ապացուցում է, որ Ադրբեջանում խաղաղության հաստատման որևէ միտում չունեն․ «Ժողովուրդը, որը 106 տարի առաջ ցեղասպանության է ենթարկվել, լավ գիտի խաղաղության գինը, բայց մենք գիտենք, որ դա կարող է տեղի ունենալ մարդկային արժանապատվության և արդարության հիմքի վրա, իսկ դրա նախադրյալները մենք հիմա չենք տեսնում»,- ասել է նա։

Պատգամավորը առաջարկել է նաև ավելացնել Ռասիզմի և անհանդուրժականության դեմ պայքարի հանձնախմբի իրավասությունները, որպեսզի հանձնախումբը չսահմանափակվի միայն տարեկան զեկույցներով, այլ նաև տրամադրի կոնկրետ դեպքերով զեկույցներ և կարծիքներ, երբ անդամ պետությունը, միջազգային իրավունքը կոպտագույն կերպով խախտելով, իրականացնում է ռասիստական և խտրական քաղաքականություն։

«Մեր ադրբեջանցի գործընկերները փորձում են ինչ-որ ականների քարտեզի մասին խոսել՝ փորձելով մեր ուշադրությունը շեղել այն հիմնական թեմայից, որ իրենք ռազմագերիներ են պահում: Ուզում եմ նշել նաև, որ Ադրբեջանի ջանքերով է ԵԱՀԿ-ի գրասենյակը Հայաստանում փակվել, որը հումանիտար գործունեություն էր ծավալում: Ականազերծման ծրագրերը, որ Արցախում իրականացվել են, Ադրբեջանը փորձել է միշտ բլոկ անել, իսկ Հայաստանին երբեք պաշտոնապես չի դիմել՝ այդ քարտեզները ստանալու համար: Այսինքն այս ամենը հիմնական օրակարգից շեղվելու փորձ է»,- նշել է Սոս Ավետիսյանը։

Նաիրա Զոհրաբյանի ելույթը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում խոսել է նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում վանդալիզմի մասին՝ նշելով, որ 21-րդ դարում Ադրբեջանը պղծում և ոչնչացնում է հայկական մշակութային կոթողները: Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր և կասեցնել 21-րդ դարի մշակութային վանդալիզմը:

«Նոյեմբերի10-ի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ադրբեջանցի զինյալները Շուշիում պղծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, պղծեցին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, հենց պատերազմի օրերին հատուկ նշանառությամբ երկու անգամ ռմբակոծվեց Ղազանչեցոց եկեղեցին, օրեր առաջ BBC-ն ռեպորտաժ հրապարակեց, որտեղ լրագրողը հետաքննել է Մեխակավան բնակավայրի (Ջաբրայիլի) Սուրբ Զորավոր եկեղեցու անհետացումը։ Բոլորս տեսանք, թե ինչպես էին Ալիեւն ու իր կինը տեսախցիկների առաջ հրահանգում հայկական եկեղեցիներից ջնջել հայատառ գրությունները։ Եվ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում։

Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում վտանգնված է համաշխարհային մշակույթի մաս կազմող հայկական մշակութային ժառանգությունը՝ հարյուրավոր եկեղեցիներ, վանքներ, սրբավայրեր, խաչքարեր։ Հայերի հանդեպ ատելությամբ մեծացած սերունդը հրճվագին ճիչերով պղծում է այդ կոթողներն ու տեսանյութերը տարածում սոցիալական մեդիայում։ Այս վանդալիզմը կասեցնել է պետք»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Մեկնաբանել