Որևէ կոնսենսուս չկա Ադրբեջանին ԵԱՏՄ նիստին հրավիրելու հարցում․ Այվազյան

Որևէ կոնսենսուս չկա Ադրբեջանին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հրավիրելու հարցում․ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

«Որևէ կոնսենսուս չկա ձեր նշած երկրին որևէ կարգավիճակով հրավիրելու նման միջոցառմանը»,- ասաց Այվազյանը:

Ավելի վաղ ռուսական ՌԲԿ գործակալությունը, հղում անելով Ռուսաստանում և Հայաստանում երեք դիվանագիտական ​​աղբյուրների, գրել էր, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները քննարկում են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա Կազանում ապրիլի 29-30-ը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Երևանը չի բացառում, որ համաձայնություն չի տա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցությանը։