Քոչարյանը կգլխավորի Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից կազմված դաշինքը

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայտարարությունը հրապարակված է «Վերածնվող Հայաստանի» Ֆեյսբուքի էջում։

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,- ասված է հայտարարությունում։

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական էր տվել Հայաստանի վարչապետի պաշտոնից։

Գործող Սահմանադրությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում․ «Ընթակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, ԱԺ մյուս խմբակցությունները վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի։ Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի և Ազգային ժողովը կհամարվի արձակված և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- իր ուղերձում ասել էր Փաշինյանը։

Մայիսի 3-ին Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր ընտրվել՝ Ազգային ժողովն արձակելու և արտահերթ ընտրությունները հնարավոր դարձնելու համար։Երկրորդ անգամ վարչապետի ընտրության հարցը Ազգային ժողովում կքննարկվի մայիսի 10-ին։