Վրաստանը հայտարարում է, որ պատրաստ է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին նաև ապագայում

Հունիսի 12-ին ԱՄՆ և Վրաստանի կառավարությունների միջնորդությամբ Հայաստան է վերադարձել Ադրբեջանում պահվող 15 հայ ռազմագերի։

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքում գրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը։

«ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։ ՀՀ կառավարությունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար», – գրել է Գևորգյանը։

Վրացական ու ամերիկյան կողմերին շնորհակալություն է հայտնել նաև Ադրբեջանը և հայտարարել է, որ գերիների վերադարձի դիմաց Բաքվին են փոխանցվել Աղդամում տեղակայված 97 հազար ականների քարտեզները։

Վրաստանի վարչապետի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին «մշտական կապի մեջ է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ լուծելու խնդիրը»։ Գարիբաշվիլին համաձայնության մասին գրել է Թվիթերում։

«Սա շատ կարևոր քայլ է՝ միտված տարածաշրջանում անվտանգային իրավիճակի բարելավմանը, որը կատարվել է Վրաստանի և նրա գլխավոր գործընկեր՝ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավմամբ»,- ասված է Վրաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունում։

«Վրաստանը պատրաստ է աջակցել իր գործընկերներին նաև ապագայում և ակտիվորեն ներգրավված լինել մարդասիրական հարցերի լուծման գործում»,- հավելել է Վրաստանի վարչապետի գրասենյակը։ Իսկ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին շեշտել է իր երկրի վարչապետի դերակատարությունն ու կայացված համաձայնության կարևորությունը։

ԱՄՆ Պետքարտուղարությունը իր տարածած հաղորդագրությունում ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի վարչապետին և շեշտելով Վրաստանի կարևոր դերը գործընթացի կայացման հարցում։

«ԱՄՆ-ը ուրախ է աջակցելու այս քայլերին և հույս ունի, որ դրանք հիմք կստեղծեն հավելյալ համագործակցության համար։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր պահվող անձանց և պատրաստ ենք օժանդակելու տարածաշրջանի երկրներին՝ հարցերի լուծման և համագործակցությունը շարունակելու գործում։

Շարունակում ենք կոչ անել Հայաստանին ու Ադրբեջանին կրկին ներգրավվելու բովանդակային բանակցություններում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և բանակցելու հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորման շուրջ»,- ասված է Պետքարտուղարության հայտարարությունում։