«Հայաստան» դաշինքը ընտրությունների հարցով դիմեց ՍԴ և ուղարկեց Վահե Գրիգորյանին առնչվող միջնորդություն

Արտահերթ խորհրդարանական ընտրութունների արդյունքները Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը վիճարկել է Սահմանադրական դատարանում։ Դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանն ասաց՝ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ՍԴ են ուղարկել նաև միջնորդություն՝ հարցի քննարկմանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ։

«Պատճառը հստակ է՝ Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ կոնկրետ գործով մասնակցել է, ընդդեմ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի»,- հայտարարեց Վարդևանյանը՝ հավելելով, որ Գրիգորյանն ունի «կանխակալ դիրքորոշում»։

Վարդևանյանը հույս հայտնեց, որ ՍԴ-ն աշխատակարգային նիստում կքննարկի իրենց միջնորդությունը։ Նա պնդեց՝ վարչական ռեսուրսի չարաշահման ծավալները մեծ են եղել ու որպես օրինակ բերեց այն, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, լինելով «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համարը, կարող էր տվյալներ ստանալ քվեարկության մասնակցող զինծառայողների, նրանց քվեարկության վայրի մասին, այնինչ «իրենք նման հնարավորություն չունեին»։

«Հայաստան» դաշինքը ՍԴ ուղարկած իր դիմումով երեք սցենար է դիտարկել՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները ճանաչել անվավեր, նշանակել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ կամ մանդատների բաշխման կարգ սահմանել։

Մեկնաբանել