Սահմանադրական դատարանը մերժեց քաղաքական չորս ուժերի դիմումները, որոնք վիճարկում էին հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները։
Սահմանադրական դատարանի վճռով՝ ուժի մեջ է մնում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների մասին:
Նիկոլ Փաշինյանը առանց Ազգային ժողովի քվեարկության կնշանակվի վարչապետ՝ որպես խորհրդարանական մեծամասնության թեկնածու:
Քաղաքական չորս ուժ՝ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքով խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» կուսակցությունն ու «Զարթոնք» դաշինքը հուլիսի 2-ին դիմել էին Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։