Հայաստանում 2021-ի հունիսին ևս աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփվել են 2021 թվականի հունիս ամսվա ցուցանիշները, ըստ որի՝ հունիսին աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել՝ 643 հազար։

Մասնավորապես, 2021 թվականի հունիսի տվյալներով` եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 643 հազար, ինչը 2021 թվականի մայիսի համեմատ ավելի է շուրջ 8 հազարով, 2020 թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, 2019 թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 37,5 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 80 հազարով: 

Միաժամանակ, 2021 թ․ հունիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը` կազմելով շուրջ 139 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2020 թվականի հունիս ամսվա նույն ցուցանիշին` 15 %-ով, 2019 թվականի հունիս ամսվա ցուցանիշին` 23 %-ով, իսկ 2018 թվականի հունիս ամսվա ցուցանիշին` 40 %-ով: 2021 թվականի հունիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը՝  կազմելով շուրջ 216 հազար դրամ: 2020 թվականի հունիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 198 հազար դրամ, 2019 թվականին` 187 հազար դրամ, իսկ 2018 թվականին` 177 հազար դրամ:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է այդ ցուցանիշը` կազմելով շուրջ 635 հազար:

«Արդեն իսկ կարող ենք նշել, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2021թ. հունիս ամսին (643 հազար)` գերազանցելով նաև 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշը: Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին և ողջունում՝ ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում։