Սահմանապահ Ոսկեպարը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է

Համայնքային ենթակառուցվածքների արդիականացումը շարունակվում է: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արտաքին լուսավորության երկու ծրագիր են իրականացրել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում: Սահմանամերձ գյուղը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է:

Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թվականին: Տեղադրվել է 40 ԼԵԴ լուսարձակ, լուսավորվել է շուրջ 1500 մետր տարածք։ Համավարակով պայմանավորված՝ հետագա աշխատանքների ժամանակացույցը փոքր-ինչ փոխվել է, սակայն շինարարությունը չի դադարեցվել: 2020 թվականին աշխատանքները շարունակվել են։ Գործընկեր կառույցների ջանքերով գյուղի տարածքում տեղադրվել են ևս 31 ԼԵԴ լուսարձակներ, որոնք լուսավորել են գյուղի շուրջ 1300 մետր ճանապարհահատված։ Վերջնական արդյունք ապահովելու ձգտումը գործընկերներից պահանջել է կամք և հետևողականություն: Ծրագիրը չի դադարել անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում: Իրականացված աշխատանքներում շուրջ 20 տոկոսով, ներդրում է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը։

Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մուխսուդյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և բնակիչներ:

«Երբ տարիներ առաջ սկսում էինք այս ծրագիրը, գիտակցում էինք, որ գյուղերում ենթակառուցվածքներ զարգացնելու գործընթացը պահանջելու է ժամանակ և ջանքեր: Շատ բնակավայրերում լուսավորության համակարգ գրեթե գոյություն չուներ: Որոշ գյուղերում սկսել ենք զրոյից: Մենք ընտրեցինք մի քանի փուլով ծրագիր իրականացնելու տարբերակը: Անհրաժեշտ էր սոցիալական պատասխանատվություն դրսևորել այնպես, որպեսզի արդյունքից օգտվեին շատերը: Հատկապես սահմանամերձ գյուղերին օգտակար լինելու ցանկությունը պարտավորեցնում է, որպեսզի շարունակենք այս ծրագիրը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), առաջնորդվում են կարևոր սկզբունքներով: Գործընկերների համար առաջնահերթություն է հատկապես սահմանամերձ բնակավայրերը լուսավորելու և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը նպաստելու նպատակը:

Ոսկեպարում հասցրել են գնահատել «Էկո գյուղերի ցանց» ծրագրի դրական ազդեցությունը: Բնապահպանական և էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար:

«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:

Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

FPWC-ի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com