Նիկոլ Փաշինյանի նկատառումը առնվազն միամիտ է, եթե ոչ վտանգավոր

Սեպտեմբերի 24֊ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ընթացքում կրկին խոսեց իր կառավարության արտաքին քաղաքական գլխավոր առաջնահերթության՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան հաստատելու նպատակի մասին: Փաշինյանն իր ուղերձում ընդգծեց, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ցույց տա խաղաղության անհնարինությունը տարածաշրջանում, բայցևայնպես հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է առաջ տանել խաղաղության օրակարգը:

Մինչ այդ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս խոսել էր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման անհրաժեշտության մասին:

Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան տարբեր պատկերացումներ ունեն տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ: Այս իրողությունը գոյություն ուներ նաև 44-օրյա պատերազմին նախորդած շրջանում:

Ադրբեջանի իշխանություններն ու հասարակությունը խաղաղությունը պատկերացնում էին Հայաստանի կողմից միակողմանի զիջումների տեսքով՝ հայկական զորքերի դուսրբերում նախկին ԼՂԻՄ-ի հարակից շրջաններից և Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից անկախ կարգավիճակի բացառում:

Հայաստանում խաղաղության մասին պատկերացումները երկու տեսակի էին․

1․ ստատուս֊քվոյի պահպանում և սահմանային միջադեպերի նվազեցում կամ բացառում՝ տարբեր մեխանիզմների (այդ թվում միջազգային) ներդրման միջոցով:

2․ Փոխզիջումային լուծման հիման վրա խաղաղ կարգավորում, որի արդյունքում Ադրբեջանին կվերադարձվեին հարակից շրջանները, սակայն նախկին ԼՂԻՄ֊ը կունենար Ադրբեջանից դե ֆակտո անկախություն՝ անվտանգության միջազգային երաշխիքներով ու ապագայում ա) դե յուրե ճանաչվելու կամ բ) խնդրի սառեցման հեռանկարներով:

Խաղաղության վերաբերյալ ադրբեջանական ու հայկական այս տեսլականների միջև որևէ ընդհանուր եզր գոյություն չունի: Բացի այդ, վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական հավասարակշռությունը զգալիորեն խախտվել էր՝ հօգուտ վերջինի: Այս երկու հանգամանքը գրեթե անխուսափելի դարձրին 2020-ի պատերազմը:

Հետպատերազմյան շրջանում գոյություն ունի նույն խնդիրը, երբ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները, խոսելով տարածաշրջանային խաղաղության մասին, տարբեր բաներ նկատի ունեն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ֊ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթում հստակ խոսում էր տարածաշրջանային խաղաղության մասին իր պատկերացումների մասին: Ադրբեջանի համար առաջնահերթ խնդիր է փակել Ղարաբաղյան հակամարտության էջը և հասնել նրան, որ Հայաստանը այլևս երբեք չբարձրացնի Ղարաբաղի կարգավիճակի թեման: Ավելին, Բաքուն, կարծես թե, հետաքրքրված է միայն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», այլ ոչ թե բոլոր տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մեջ:

Հատկանշական է, որ ի հեճուկս դրական բոլոր ազդակների, որոնք եկել են ՀՀ իշխանությունների կողմից, Թուրքիան ևս այդ հարցերը համարում է նախապայման հայ֊թուրքական հարաբերությունների կարգավորման համար:

Հետպատերազմյան փուլում Հայաստանի իշխանությունները խաղաղությունը պատկերացնում են տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման, Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծամ ու այդ երկու գործընթացը Արցախի կարգավիճակի հետ չկապելու տեսքով:

Նիկոլ Փաշինյանի նկատառումը, որ ի հեճուկս Ադրբեջանի ապակառուցողական քայլերի, Հայաստանը շարունակելու է առաջ տանել խաղաղության օրակարգը, առնվազն միամիտ է, եթե ոչ վտանգավոր

Այսինքն, ինչպես մինչպատերազմյան փուլում, այնպես էլ հիմա Հայաստանում ու Ադրբեջանում խաղաղության մասին պատկերացումները էապես տարբերվում են, և կողմերից մեկը պարզապես պետք է ընդունի տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ մյուս կողմի տեսլականը, որպեսզի այդ ուղղությամբ որևէ գործընթաց հաջողությամբ պսակվի: Հայաստանը այս փուլում չունի Ադրբեջանին սեփական պատկերացումները պարտադրելու կամ նույնիսկ Բաքվից ինչ֊որ փոխզիջում կորզելու ներուժ: Այդ առումով Նիկոլ Փաշինյանի այն նկատառումը, որ ի հեճուկս Ադրբեջանի ապակառուցողական քայլերի, Հայաստանը շարունակելու է առաջ տանել խաղաղության օրակարգը, առնվազն միամիտ է, եթե ոչ վտանգավոր:

Այս փուլում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վտանգն այն է, որ տարածաշրջանային խաղաղության հասնելու հույսով ու կառուցողական երևալու նպատակով առանցքային հարցերում Հայաստանի դիրքորոշումների լղոզումը ամենայն հավանականությամբ որևէ արդյունք չի տալու ու երկարաժամկետ կտրվածքով վնաս է հասցնելու երկրի պետական շահերին: Նույնիսկ խաղաղության օրակարգ առաջ տանելիս անհրաժեշտ է հստակ կարմիր գծեր սահմանել, որոնք որևէ դեպքում չպիտի հատվեն:

Մեկնաբանել