Հավանական է, որ պատերազմը սկսվել է տգիտության պատճառով, ավարտվել՝ ըստ պայմանավորվածության. Ռոբերտ Քոչարյան

Պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում որևէ հարցի պատասխան հանրությունը չի ստացել, կարծում է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ առաջին ու թերևս ամենակարևոր հարցն է՝ «պատերազմն անխուսափելի՞ էր, թե՞ հրահրվել է քաղաքական միամտությամբ»։

«2018-ից սկսած՝ Հայաստանի կառավարությունն արել է ամեն ինչ, որ Ադրբեջանն իրավիճակը գնահատի որպես բարենպաստ՝ պատերազմի ձևով Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Փակուղի ենք մտցրել բանակցային գործընթացը՝ իրարամերժ հայտարարություններով, առաջացրել ենք Մինսկի խմբի անվստահությունը Հայաստանի նկատմամբ՝ ձևավորվել է կարծիք, թե սենց «շուստրիության» տարբերակով փորձում ենք խուսափել առարկայական բանակցային գործընթացից, վարկաբեկել ենք բանակը տարբեր քրեական գործերով, բաժանել ենք հասարակութունը սևերի-սպիտակների, ցույց ենք տվել, որ կառավարման տեսանկյունից քաոտիկ կառավարություն է գործում Հայաստանում։ Պատերազմի ժամանակ նման կառավարման ոճն ուղղակի մահացու է երկրի համար։ Բացի այդ, փչացրել ենք հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուշադիր հետևում էր այս ամենին, և նրանք գնահատեցին, որ «ավելի բարենպաստ պայմաններ ուղղակի չէին կարող լինել»։ Հենց այդ սխալների պատճառով, ըստ Քոչարյանի, Հայաստանը հայտնվեց մեկուսացման մեջ ու ոչ մի երկիր Ադրբեջանին չդատապարտեց պատերազմ սկսելու համար։

«Տպավորությունն այնպիսին էր, որ մենք արտգործնախարարություն ընդհանրապես չունենք։ Որպես կառույց այն գոյություն չուներ»,- նշեց նա։

Հայաստանի երկրորդ նախագահը վստահ է, որ «արվել է ամեն ինչ Թուրքիան ներգրավելու համար»։

«Այն թեզը, որ հնչեցվել էր պաշտպանության նախկին նախարարի կողմից՝ «նոր պատերազմ նոր տարածքներ», Ադրբեջանի համար այլընտրանք չէր թողնում, իր ռիսկերը նվազեցնելու համար պարզապես Թուրքիայի գիրկն ընկնելն էր»։ Նա կրկնեց նախկինում իր հնչեցրած միտքը, որ «եթե Հայաստանի իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը, նույն հերթականությամբ իրենց նպատակին հասնելու համար»։

Անդրադառնալով պատերազմական գործողություններին՝ նա ասաց, որ «առաջին երկու-երեք օրվա ընթացքում մենք կրել ենք ահռելի կորուստներ՝ հակաօդային համակարգերի և հրետանու հնարավորությունների առումով»։

Մեկ այլ հարցադրում էլ արեց Քոչարյանը՝ ինչո՞ւ ենք մենք պարտվել։

«Պատերազմում են պետությունները, ոչ թե բանակները։ Հենց դա է հիմնական պատճառը, որ երկրի առաջին դեմքը դառնում է գլխավոր գերագույն հրամանատար, որ կարողանա մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսը։ Ըստ էության Հայաստանում դա չարվեց։ Սա առաջին մեր ձախողման պատճառն է։ Մոբիլիզացիան ձախողվեց։ Անպատասխան մնացին Մովսես Հակոբյանի հնչեցրած հարցերը, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներ»,- ասաց Քոչարյանը։

«Նիկոլ Փաշինյանի կոչը ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանն այլևս ռեսուրսներ չունի»

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց պատերազմի ժամանակ հոկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերներից մի դրվագ, երբ երկրի ղեկավարը մարդկանց առաջարկում էր իրենց հետ բերել նաև համազգեստ ու զրահաբաճկոն։

«Սա ուղղակի ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանն այլևս ռեսուրսներ չունի և Ադրբեջանը կարող է ավելացնել ռազմական ճնշումը Հայաստանի վրա։ Սա ուղղակի հանցագործություն է, առերևույթ հանցագործություն»,- շեշտեց նա։

Հաջորդ հարցն, ըստ Քոչարյանի, այն է, թե ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին և 19-ին։ Երկրորդ նախագահի կարծիքով՝ սա միակ հարցն է, որի պատասխանը հնչել է։

«Պատասխանը հետևյալն է՝ «չենք կանգնեցրել, որ մեզ դավաճան չհամարեն»։ Ուրեմն սրանից բխում է հետևյալը՝ բոլոր զոհված զինվորների ծնողները կարող են համարել, որ հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքն ու պատասխանատվությունն այն մարդու վրա էր, որը կարող էր պատերազմը կանգնեցնել ու չի արել։ Խուսափել է այդ ծանր, բայց պատասխանատու որոշում կայացնելուց»,- նշեց Քոչարյանը։

Ըստ նրա՝ կան այլ հարցեր, թե ինչպես հանձնվեց Հադրութն ու Շուշին, Ջեբրայիլը։ Քոչարյանն ասաց, որ այդ ճանապարհից դեպի Շուշի նույնիսկ մեկ խրամատ չի փորվել։

Քոչարյանը նաև ասաց, որ պարզաբանում չկա «հայտնի 5 մլրդ-ի առաջարկի մասին»։


«Փաստ է, որ մինչ 2018-ը Ադրբեջանը փորձել է Ղարաբաղի դիմաց գումարներով հարցեր լուծել, փաստեր կան, որ այդ փորձը արվել է նաև 2018-ից հետո։ Խուսափում են խոսել այդ հարցի շուրջ, և սա ավելի մեծ կասկածներ է առաջացնում։ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է մտածել, որ նման փաստ գոյություն ունի այնքան ժամանակ, մինչև դա չհերքվի»։

Հայաստանի երկրորդ նախագահը նշեց, որ շատ են խոսակցությունները, որ պատերազմը պլանավորված էր։

«Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ շատ հավանական է՝ պատերազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել՝ ըստ պայմանավորվածության»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել