Համաշխարհային բանկը 2021-ին Հայաստանում կանխատեսում է 6,1% տնտեսական աճ

Համաշխարհային բանկը գրեթե կրկնակի բարձրացրել է 2021 թ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ մինչև 6,1%՝ նախորդ 3,4% կանխատեսումից: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների աշնանային զեկույցում:

«2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական աճը սպասվածից արագ վերականգնվելու արդյունքում` ՀՆԱ-ի աճի կանխատեսվող տեմպը 2021-ի համար վերագնահատվել է մինչև 6,1%՝ 3,4%-ի դիմաց», – ասված է զեկույցում:

ՀԲ զեկույցի հեղինակներն ակնկալում են, որ Հայաստանի տնտեսությունը կվերադառնա նախակովիդյան արտադրանքի մակարդակին մինչև 2022 թ․ կեսը՝ նոր սահմանափակումների, աճող Covid19 դեպքերի, ներքին և տարածաշրջանային անկայունության բացակայության դեպքում:

Համաշխարհային բանկի փորձագետները Հայաստանի տնտեսության վերականգնումը կապում են ոչ թե կառուցվածքային փոփոխությունների (արդյունաբերության աճի, նոր գործարանների բացման և այլն), այլ մասնավոր սպառման վերականգնման, պղնձի համաշխարհային գների աճի, զբոսաշրջիկների հոսքի վերականգնման, ինչպես նաև բյուջեի միջոցներով կապիտալ շինարարության ակտիվացման հետ: 2020 թ․ Հայաստանի տնտեսությունը կրճատվել է 7,4%-ով։

2021 թ. վերականգնումն ավելի արագ է ընթանում, քան սպասվում էր (առաջին կիսամյակում 4,9 տոկոսով), և 2022 թ. կեսին տնտեսության ծավալները կարող են վերադառնալ նախաճգնաժամային ցուցանիշներին: Այնուամենայնիվ, Համաշխարհային բանկի մասնագետները զարգացած երկրների համեմատ ցածր են համարում պատվաստումների տեմպերը: Համաճարակային և աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են ազդել տնտեսության վերականգնման վրա, ասվում է զեկույցում։

Պետությունը ձեռնարկությունների և կարիքավոր ընտանիքների աջակցության 25 ծրագիր է իրականացրել, որոնց արդյունքում պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի նկատմամբ մինչև 67%-ի:

Լիա Ավագյան