Տոնոյանը, «տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի», «պայքարելու է հանուն բարի համբավի վերականգնման». հայտարարություն

Դավիթ Տոնոյանի անցած ճանապարհը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ նախկին նախարարը «տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի»՝ «պայքարելու է հանուն բարի համբավի վերականգնման»:

Հայտարարության մեջ ասվում է, որ Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:

«ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար:

Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված և անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին:

Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության և բարի համբավի վերականգման համար», – ասված է փաստաբանական թիմի հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 30-ին դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կկալանավեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին:

ԱԱԾ-ի հաղորդմամբ, Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը», որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով։