Հայաստան է ներկրվել 200 հազար դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութ

Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200 հազար դեղաչափ։ Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

«Պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում: Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար»,- հայտնում են նախարարությունից։

«Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:

Մեկնաբանել