Քվեագողեր՝ Վրաստանում․ ովքեր են ասել, որ տեսել են նրանց ընտրական գործընթացներին մասնակցելիս

Georgian-municipal-election-2021-2-10-21-part-2-6-crrc-1024x682 Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Վրաստանում, լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media-ի:

Հոդվածը՝ Դասթին Գիլբրեթի և The Caucasus Datablog-ի, OC Media


Ընդդիմադիր կուսակցությունները և որոշ դիտորդներ հայտնում են, որ 2021-ի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ ականատես են եղել նախընտրական գործողություններում քվեագողերի ներգրավմանը [մարդիկ, որոնք կազմակերպում են ընտրողների տեղափոխումը, ուղղորդում նրանց և այլն – խմբ․]։ Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերակցության (ISFED) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի (CRRC) անցկացրած հարցման տվյալները ցույց են տալիս, որ հասարակության զգալի մասը նույնպես հայտնել է նման պրակտիկայի ականատես լինելու մասին։

Թեև նախընտրական մթնոլորտի վերաբերյալ հարցման արդյունքներով մարդկանց մեծ մասն էր նշում, որ ընտրություններին նախորդող տարում ընտրատեղամասերի մոտակայքում տեսել են քվեագողերի, այդպիսի տեսարանների մասին հաղորդումները զգալիորեն տարբեր էին՝ կախված նրանից, թե քաղաքական որ կուսակցություններին են մարդիկ աջակցում: Այդուհանդերձ, «Վրացական երազանք» կուսակցության որոշ կողմնակիցներ ասել են, որ ընտրատեղամասերի շուրջ տեսել են քվեագողերի:

Վրաստանում չափահաս բնակչության շրջանում հարցվածներից յուրաքանչյուր 9-րդը (11%-ը) նշել է, որ անցած տարի ընտրատեղամասի մոտակայքում տեսել է քվեագողերի, 83%-ը նշել է, որ չի տեսել, իսկ 6%-ն ասել է, որ չգիտի, կամ հրաժարվել է պատասխանել:

Հետազոտության շրջանակում մարցկանց հարցրել են նաև, թե արդյոք իրենց կարծիքով ընդունելի է քվեագողերի մասնակցությունը ընտրական գործընթացներին: Հանրության մեծ մասը կարծում է, որ նրանց մասնակցությունն ամբողջովին անընդունելի է (48%) կամ անընդունելի (39%): Հարցվածների միայն 4%-ն է դա ընդունելի համարում: Եվս 8%-ն ասել է, որ չգիտի՝ դա ընդունելի է, թե ոչ, և 1%-ը հրաժարվել է պատասխանել հարցին:

Նրանք, ովքեր ընտրատեղամասի մոտակայքում տեսել են քվեագողի, ավելի շատ են հակված մտածելու, որ դա անընդունելի է:

Ռեգրեսիոն վերլուծությունը ցույց է տալիս, որ մի շարք փոփոխականներ կանխատեսում են, թե արդյոք ինչ-որ մեկը հայտնել է, թե ոչ այն մասին, որ ընտրատեղամասի մոտ տեսել է քվեագողի:

Ավելի հարուստ ընտանիքներում ապրողներն ավելի հավանական է, որ տեսած լինեին քվեագողերի, քան աղքատ ընտանիքներում ապրողները։

Թբիլիսիի բնակիչներն ավելի հավանական է, որ ընտրատեղամասի մոտ տեսած լինեին քվեագողի, քան քաղաքային այլ բնակավայրերում ապրողները, եթե անտեսենք այլ գործոնների ազդեցությունը։

Մինչ այժմ ամենաուժեղ փոփոխականը, որի միջոցով հնարավոր է կանխատեսել, թե արդյոք ինչ-որ մեկը հայտնել է, որ ընտրատեղամասի մոտ տեսել է քվեագողի, այս կամ այն կուսակցությանը մարդկանց աջակցությունն է: Եթե անտեսենք այլ գործոնները, ապա «Վրացական երազանք»-ի կողմնակցի դեպքում 3% է հավանականությունը, որ նա կասի, թե ընտրատեղամասի մոտ տեսել է քվեագողի, մինչդեռ ընդդիմության կողմնակցի դեպքում նույնը հաղորդելու համար կա 23% հավանականություն, այսինքն՝ 20 տոկոսային կետի տարբերություն:

Տարբեր կուսակցությունների աջակիցների կողմից պատասխանների այսպիսի տարբերությունը կարող է հուշել, որ ընդդիմության կողմնակիցները ընտրատեղամասերի մոտ քվեագողեր տեսած լինելու մասին հայտնում էին «Վրացական երազանք» կուսակցությանը վարկաբեկելու նպատակով՝ իմանալով, որ հարցումն ի վերջո հրապարակվելու է: Գուցե դա հենց այդպես է։ Սակայն փաստը, որ «Վրացական երազանք»-ի որոշ կողմնակիցներ հայտնել են նույն բանը, խոսում է այն մասին, որ նախընտրական շրջանում ընտրատեղամասերի մոտակայքում առնվազն մի քանի քվեագող եղել է։

Քվեագողությունն ավելի շատ քաղաքային երևույթ է: Այս առումով կարելի է ենթադրել, որ գյուղական վայրերում ապրող մարդիկ հայտնում են այն, ինչ տեսել են հեռուստատեսությամբ: Կրկին գուցե դա հենց այդպես է։

Տարբեր բնակավայրերում հեռուստացույց դիտող և չդիտող մարդկանց համեմատող մոդելը ցույց է տալիս, որ Թբիլիսիից դուրս գտնվող մարդիկ, որոնք հեռուստացույց չեն դիտում, ավելի քիչ հավանական է, որ պնդեն, թե ընտրատեղամասերի շրջակայքում տեսել են քվեագողերի: Այնուամենայնիվ, քվեագող տեսնելու մասին հաղորդելու ցուցանիշները Թբիլիսիում էականորեն չեն տարբերվում հեռուստացույց դիտողների և չդիտողների պարագայում:

Թեև հարցվածներից յուրաքանչյուր 9-րդը հայտնել է, որ այս տարի ընտրություններից առաջ ընտրատեղամասի շրջակայքում տեսել է քվեաագողերի, ճնշող մեծամասնությունը հավանություն չի տվել նրանց ներգրավվածությանը ընտրական գործընթացներին։

Տվյալները ցույց են տալիս, որ անկախ նրանից, թե արդյոք քվեագողերի մասին բոլոր հաղորդումները ճշմարտացի են, թե ոչ, դրանց մի մասը, ամենայն հավանականությամբ, ճշմարտացի է՝ հաշվի առնելով այն, որ նույնիսկ «Վրացական երազանքի» կողմնակիցները երբեմն ասել են, որ ընտրատեղամասերի մոտ տեսել են քվեագողերի, ինչպես նաև այն, որ այս ցուցանիշները համահունչ են Թբիլիսիի տվյալների հետ, որտեղ քվեագողեր, ամենայն հավանականությամբ, կան, անկախ նրանից, թե արդյոք հարցման ժամանակ ինչ-որ մեկը հայտնել է այն, ինչ տեսել է հեռուստատեսությամբ:

Նշում. վերոնշյալ վերլուծությունը հիմնված է տրամաբանական ռեգրեսիոն մոդելների վրա։ Անկախ փոփոխականները ներառում են սեռը, տարիքային խումբը (18-34, 35-54, 55+), բնակավայրի տեսակը, կրթական մակարդակը, երկարաժամկետ օգտագործման ապրանքների ինդեքսը (բարեկեցության ցուցիչ), էթնիկ պատկանելությունը (էթնիկ փոքրամասնություն կամ էթնիկ վրացի), զբաղվածության վիճակը (չի աշխատում, աշխատում է մասնավոր հատվածում, աշխատում է պետական հատվածում) և կուսակցական պատկանելությունը:

Այս հոդվածը Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի և OC Media-ի համատեղ արտադրանքն է: Հոդվածում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և չեն ներկայացնում Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերակցության, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի կամ որևէ առնչվող կազմակերպության տեսակետը:

Մեկնաբանել