Կառավարությունը դյուրացնում է լիցենզավորման կարգը

Կառավարությունը նախատեսում է մի շարք երկրներում լիցենզավորված ընկերությունների համար Հայաստանում լիցենզիա ստանալը պարզեցնել՝ հիմք ընդունելով այն, որ այդ երկրներում ընկերություններն արդեն իսկ լիցենզավորվել են։

Խոսքը Եվրոպական Միության երկրների, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Վրաստանի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների իրավաբանական անձանց մասին է։ Ներկա ընթացակարգերը կհեշտացվեն՝ ​​բացառելով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու պահանջը։

Բացառություններ կկազմեն պաշտպանության, էլեկտրաէներգետիկ ու արժույթի ոլորտի լիցենզիաները։

Ներկայում Հայաստանում լիցենզիա տրամադրում է պաշտպանության նախարարությունը՝ ռազմական արտադրանքի արտահանման ու ներմուծան, տարանցիկ փոխադրման նպատակով, ֆինանսների նախարարությունը՝ վիճակախաղով ու շահումով խաղերի ոլորտում գործունեություն իրականացնողներին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ էլեկտրաէներգետիկ ոլորտի օպերատորներին ու տնտեսվարողներին, Կենտրոնական բանկի կողմից՝ արժութային կարգավորման, բանկային բնագավառի գործունեության կազմակերպման համար։

Վերը թվարկված ոլորտներով հետաքրքրված տնտեսվարողները շարունակելու են նախկին ընթացակարգով լիցենզիա ստանալ։