Մոսկվայում կայացել է ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստը

Հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի նիստը: Այս մասին հայտնում է Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Կողմերն անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և քննարկվել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի փոխվարչապետի գրասենյակից տեղեկացնում են նաև, որ կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը:

Հունվարի 11-ին Մոսկվակում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներ բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով ստեղծվելու է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։


Մեկնաբանել