Մոսկվայում, հնարավոր է, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեն եռակողմ հայտարարություններ․ ՌԻԱ Նովոստի

aliyev putin nikol

Նոյեմբերի առաջին տասնօրյակում, հնարավոր է, Մոսկվայում կայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը։ Բանակցությունների շրջանակում նախատեսվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում:

Նախօրեին Ալիք Մեդիա լրատվական կայքը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ նախատեսվում է՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայում երկու փաստաթուղթ կստորագրեն, «եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ»։

Ըստ Ալիք Մեդիայի՝ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները, որոնց մասին ոչ պատահական կերպով հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:

«Նոյեմբերի 9-ը հատուկ է ընտրվել: Անցյալ տարվա՝ 2020 թվականի այդ օրը Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները, իսկ շաբաթների ընթացքում հայկական ուժերը դուրս եկան Հայաստանի Հանրապետության սահմաններ»,- հաղորդել է Ալիք Մեդիա կայքը:

Մեկնաբանել