ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Ըստ հայտարարության՝ Երևանում գտնվելու ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը, ինչպես նաև կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։

«Համաժողովի մասնակիցները ներքին քննարկումներից զատ նաև հանդիպումներ կունենան Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների նախորդ համաժողովները տեղի են ունեցել Բաքվում (2019թ․) և Թբիլիսիում (2018թ․)»,- տեղեկացնում է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը։

Մեկնաբանել