Ադրբեջանը պատրաստվում է զանգվածային համաներման

prison-azerbaijan Լուսանկարը՝ Զաուր Մուսթաֆաև / Trend.az

Իսմի Աղաև, Բաքու OC Media

Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում համաներում կշնորհվի մոտ 16 000 մարդու:

Օրենքի նախագիծը խորհրդարանին է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, իսկ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի նոյեմբերի 8-ին՝ Հաղթանակի օրը։

Ադրբեջանում զանգվածային վերջին համաներումը եղել է երկրի խորհրդարանի կողմից 2016-ին, երբ ներում շնորհվեց ավելի քան 10 000 մարդու, իսկ ավելի քան 2800-ը ազատվեց բանտից։

Առաջիկա համաներումը նախատեսվում է կիրառել չորս ամսվա ընթացքում։ Այն կտարածվի մի քանի կատեգորիաների անձանց վրա, որոնց մեծ մասը, ըստ երևույթին, որոշակի կապ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։

Փաստաթղթի նախագծի համաձայն՝ համաներումը կներառի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ադրբեջանցի մարտիկներին և նրանց հարազատներին, 1992-ի Խոջալուի իրադարձությունների զոհերին և զոհերի հարազատներին, 1948-1952 և 1988-1992 թթ. Հայաստանից տեղահանվածներին, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ տեղահանվածներին, ինչպես նաև 1990-ի հունվարի 20-ին (հայտնի որպես «Սև հունվար») Բաքվում խորհրդային բռնաճնշումների ժամանակ վիրավորվածներին և սպանվածների հարազատներին:

Համաներումը կտարածվի միայն նրանց վրա, ովքեր կատարել են հանցագործություններ, որոնք «հանրային մեծ վտանգ չեն ներկայացնում»։ Եթե այն ընդունվի, դա կլինի անկախ Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծ համաներումը։

Ադրբեջանական վեց անկախ հասարակական կազմակերպությունների կոալիցիայի՝ Մարդու իրավունքների մոնիտորինգի խմբի անդամ Նովելլա Ջաֆարօղլուն OC Media-ին ասել է, որ համաներումը դրական քայլ է, թեև չի սպասվում, որ որևէ քաղբանտարկյալ ազատ կարձակվի։

Մարդու իրավունքների մոնիտորինգի խմբի տվյալներով՝ Ադրբեջանում ներկայում 38 քաղբանտարկյալ կա։ Ըստ Ջաֆարօղլուի՝ որոշ քաղբանտարկյալների անուններ էլ «կնշվեն համաներումից հետո Ամանորի նախաշեմին սպասվող ներման հրամանագրում», և որ «այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում»։

Մեկնաբանել