Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Երևանի կենտրոնում 4 700 քմ հողամաս նվեր կստանա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Երևանի Կենտրոնում՝ Ալեք Մանուկյան 11 հասցեում 4 700 քառակուսի մետր մակերեսով հողամաս նվեր կստանա։ Հարցը կառավարության նոյեմբերի 4-ի նիստի օրակարգում է։

Նշված հողամասում ֆեդերացիան պարտավորվում է կառուցել Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց և 10 տարվա ընթացքում այդ ծրագրով իրականացնել 760 000 եվրոյի (ավելի քան 415 միլիոն դրամ) ներդրում։ Գումարի մեծ մասը տրամադրվելու է ՈւԵՖԱ-ի՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցացիաների միության կողմից, իսկ մի մասը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։

ՀՖՖ-ն մտադիր է նվեր ստացած հողատարածքը միավորել Վարդանանց 65 հասցեում գտնվող Ֆեդերացիային պատկանող մեկ այլ տարածքի հետ ու կառուցել ֆուտբոլային դպրոց, որն ընդգրկելու է մեկ երկհարկանի շինություն ու մեկ արհեստական խոտածածկով խաղադաշտ։ Ֆուտբոլի դպրոցում կմարզվեն 300 սաներ։

Ֆուտբոլի դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչ 2022-ի դեկտեմբեր։

Մեկնաբանել