Հունվարից նախատեսվում է շաբաթական երկու օր Կապան-Երևան-Կապան չվերթներ կազմակերպել

Հայաստանի կառավարությունը 49,5 միլիոն դրամ է տրամադրելու Կապանի օդանավակայանը շահագործող «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ին՝ չկատարած պարտավորությունները մարելու համար։ Հարցը կառավարության նոյեմբերի 11-ի նիստի օրակարգում է։

«Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի հիմնադիրը Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամի հետ միասին, յուրաքանչյուրը 50 տոկոս բաժնեմասով։ Ըստ կառավարության որոշման հիմնավորման՝ այս օդանավակայանից էին կայանալու Կապան-Երևան-Կապան չվերթները, սակայն ընկերությունը վնասներ է կրել, թեև 2022-ի հունվարից նախատեսվում է շաբաթական երկու օր այս ուղղությամբ չվերթներ կազմակերպել։ Ներկայում Սյունիք օդանավակայանի ֆինանսավորումը դադարեցված է, իսկ օդանավակայանի պարտավորությունները 49,5 միլիոն դրամ են՝ ներառյալ հարկային պարտքեր, աշխատավարձեր, շահագործման ծախսեր, արձակուրդային վճարներ և այլն։

Կառավարությունը օդանավակայանին գումար փոխանցելու է միջազգային դոնորների երկու ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին։ Սյունիքի օդանավակայանը պիտի շահագործեր ու թռիչքներ իրականացներ «Նովէյր» ընկերությունը՝ L-410 օդանավով։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Նովեյր» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Արսեն Ասլանյանն է, նա կապված էր մեկ այլ ընկերության՝ «Ատլանստիս Արմենիան էյրլայնզ» ընկերության հետ։ Ըստ «Հետք» պարբերականի՝ երկու ընկերություններն էլ կապված են ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանի հետ։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել