Կառավարությունն առաջարկում է հայ համայնքներում նշանակել սփյուռքի գործերի հանձնակատարներ

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունը՝ ստեղծելով սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ։

«Ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաև աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը»,- Ազգային ժողովում հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նրա խոսքով՝ սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվելու են հասարակական հիմունքներով՝ խորհրդականի կարգավիճակով․ «Չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ։ Նրանք Հայաստան-սփյուռք գործակցության վերոհիշյալ ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին։ Հանձնակատարները պետք է տեղերում իրագործեն ՀՀ-ի և սփյուռքի հանձնակատարի քաղաքականությունը»,- նշեց Սինանյանը։

Ինստիտուտի ներդրման նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց՝ 62 կողմ ձայներով։ Ըննդիմությունը չէր մասնակցում նիստին։

Մեկնաբանել