Ինչ սպասել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր մարտերից․ Կարնեգիի վերլուծաբանի անդրադարձը

Սյունիք

Մոսկվայի Կարնեգի կենտրոնի հոդվածագիր Կիրիլ Կրիվոշեևը հոդված է հրապարակել Սյունիքի հատվածում հայ-ադրբեջանական վերջին բախումների մասին՝ այն վերնագրելով «Հիշեցում հանդիպման մասին: Ինչ սպասել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր մարտերից»։ Հոդվածից մի հատված թարգմանաբար ներկայացված է ստորև։

[…]

Դատելով ամենից՝ ադրբեջանցիները [նոյեմբերի 16-ին]փորձել են նույն սցենարով նոր դիրքեր գրավել, իսկ հայերը ցանկացել են իրենց լավագույն կողմից ցույց տալ։ Առավել ևս, որ Հայաստանի հարավից Երևան գնացող ճանապարհին կրակելու հնարավորությունը կախված է այդ բարձունքների նկատմամբ վերահսկողությունից, որոնց վրա ադրբեջանցիներն արդեն երկու հենակետ են տեղադրել։

Զգալով, որ ՀԱՊԿ-ին կրկին դիմելն իմաստ չունի, Հայաստանում հիշեցին Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997-ի երկկողմ պայմանագրի մասին։ Դրանում ևս ձևակերպումներ կան, որոնք ենթադրում են, որ ստորագրողներից մեկի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում մյուսն օգնության պետք է գա։ Օրինակ, կողմերը պետք է «անհապաղ խորհրդակցեն միմյանց հետ ամեն անգամ, երբ, նրանցից մեկի կարծիքով, առաջանում է մյուսի վրա զինված հարձակման սպառնալիք» և «որոշեն օգնության անհրաժեշտությունը, տեսակներն ու չափերը», որը մի կողմը կցուցաբերի մյուս կողմին:

Բայց այդ համաձայնագիրն էլ չաշխատեց, երբ մարտերն ընթանում էին վիճելի տարածքում։ Թեև Երևանում հայտարարեցին, որ օգնության համար դիմել են Ռուսաստանին, Մոսկվայում պնդում են, որ գրավոր հարցում չեն ստացել, իսկ առանց դրա՝ մեխանիզմը չի կարող գործարկվել: ՀԱՊԿ-ը, իր հերթին, ընդհանրապես երեկոյան մոտ արձագանքեց տեղի ունեցող իրադարձություններին՝ կողմերին պարզապես երկխոսության կոչ անելով․ «Հայկական կողմից կազմակերպության քարտուղարություն պաշտոնապես որևէ դիմում չի եղել։ Կարծում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»։

Հայաստանի իշխանություններն այնքան հիասթափված էին Մոսկվայի պահվածքից, որ փաստացի վերջնագիր ներկայացրին նրան։ «Հայաստանը կարծում է, որ ճգնաժամը կարելի է լուծել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի օգնությամբ։ Բայց եթե նրանք չկարողանան դա անել, ապա Երևանը ստիպված կլինի դիմել միջազգային այլ գործընկերների»,- հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն առանց այն էլ չի վայելում ռուս ուժայինների հատուկ համակրանքն իր անցյալի պատճառով։ Գրիգորյանը զինվորական չէ. նա միայն ժամկետային ծառայություն է անցել, իսկ հետո քաղաքացիական ակտիվիստ է եղել, համագործակցել արևմտյան կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Transparency International-ը, և մասնակցել է 2018-ի Թավշյա հեղափոխությանը։

Այս խոսքերից հետո Գրիգորյանը ցուցադրաբար հանդիպեց երեք դեսպանների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի, կարծես թե ուրվագծելով հնարավոր դաշնակիցներին։ Եթե առաջին երկուսի հետ ամեն ինչ պարզ է, քանի որ նրանք Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակում են՝ Ռուսաստանի հետ հավասար, ապա Իրանն ավելի էկզոտիկ տարբերակ էր։ Հայ-ադրբեջանական կարգավորմամբ այդ երկիրը երբեք չի զբաղվել, թեև վերջերս իսկապես Երևանի հետ մերձեցել է Բաքվի հետ սեփական թյուրըմբռնումների հիման վրա։

Իհարկե, նման դեմարշերի արդյունավետությունը կասկած է հարուցում։ Նոյեմբերի 16-ի հրաձգությունը, միևնույն է, կանգնեցրեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի զանգը, որը խոսեց ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի պաշտանակցի հետ: Եթե մարտերը շարունակվեին հաջորդ օրը, անհարմար իրավիճակում կհայտնվեին բոլորը. Մոսկվայում նշանակված էր ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը, որին պետք է ներկա լինեին թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ներկայացուցիչները։

Գագաթնաժողով, որը չեղավ

Երբ թնդանոթները լռեցին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարցրին Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ գագաթնաժողովի մասին, որը նախատեսված էր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի տարելիցին և այդպես էլ չկայացավ։ «Անշուշտ, ինչ-որ փուլում նման շփումներ անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, հարկավոր են երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- պատասխանեց նա:

Այդքան կարևոր հանդիպման ձախողման մասին, որը կարող էր նոր լիցք հաղորդել հակամարտության կարգավորմանը, այս օրերին հիշում էին թե՛ Բաքվում, թե՛ Երևանում։ Բայց առաջինն այն անցկացնելու «պայմանավորվածության բացակայության» մասին խոսեց Փաշինյանը, ուստի համարվում է, որ ձախողման համար մեղավոր է նա։ Համարվում է ոչ առանց հիմքերի, քանի որ պատերազմի ավարտի տարելիցին, որին կողմերը մոտեցել էին առանց բանակցություններում մեծ հաջողությունների, Ադրբեջանը հաստատ ցանկանում էր Հայաստանից նոր զիջումների հասնել։ Օրինակ՝ մոտեցնել Զանգեզուրի միջանցքի ստեղծման որոշումը, որը պետք է Ադրբեջանի հիմնական տարածքը միացնի Նախիջևանի նրա էքսկլավի հետ։ Կամ էլ Հայաստանից հասնել Ղարաբաղի նկատմամբ նրա որևէ պահանջից հրաժարվելուն։

Իհարկե, Փաշինյանը նման բան ստորագրել չէր կարող, ինչը և, ըստ ամենայնի, հանգեցրեց գագաթնաժողովի տապալմանը։ Դրանից հետո Ադրբեջանը, հավանաբար, ցանկացավ հիշեցնել բանակցություններում լճացման գնի մասին։ Չկա Ղարաբաղից հրաժարում, չկա սահմանի դելիմիտացիա։ Չկա սահմանազատում, կլինեն մշտական բախումներ, որոնք չեն կարող որակվել որպես ներխուժում։ Չկա ճանաչված ներխուժում, չկա Մոսկվայի օգնությունը։ «Դելիմիտացիայի հարկադրանքի գործողություն»,- այսպես է անվանել այդ գործընթացը ադրբեջանցի փորձագետ Իլգար Վելիզադեն:

Պնդումները, թե նոյեմբերի 16-ի մարտերը ուժով Զանգեզուրի միջանցք գցելու Ադրբեջանի փորձն էին, իհարկե, չափազանցություն են։ Բայց չափազանցությունը շատ օգտակար է Բաքվի համար։ Այնտեղ ակտիվ ակնարկում են, որ Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի հավակնությունները Ադրբեջանին ազատություն են տալիս հայելային նման հավակնություններ ունենալ Սյունիքի մարզի նկատմամբ, որը Նախիջևանը բաժանում է ադրբեջանական հիմնական տարածքից։

Դեղատոմս, թե ինչպես հետագայում կարելի է առանց սահմանազատման խուսափել արյունալի «սահմանային միջադեպերից», հավանաբար, չկա։ Ադրբեջանի համար նման մարտերը ճնշման կարևոր լծակ են, ինչը ցույց է տալիս, որ առանց սահմանազատման (այսինքն՝ Ղարաբաղից հրաժարվելու) Բաքուն կարող է Երևանի համար լուրջ խնդիրներ ստեղծել հենց Հայաստանի տարածքում։

Ռուսական ներկայությունն ինքնին նույնպես չի թեթևացնում լարվածությունը։ Սյունիքում արդեն իսկ կա Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի երկու հենակետ, տեղում աշխատում են նաև ռուս սահմանապահները: Բայց առայժմ միայն մի կողմից՝ հայկական։

Իդեալական տարբերակն այն կլիներ, որ այս տարածքում ապառազմականացված գոտու նման բան ստեղծվեր, առնվազն մինչև վերջնական սահմանազատումը: Բայց այդ գաղափարը շատ համարձակ է թվում․ Ադրբեջանն առանց այդ էլ հիմա այնքան հաճախ է քննադատում Ռուսաստանին հայերին հովանավորելու համար, ուստի դժվար թե համաձայնի ոուս զինվորականների լիազորությունների ընդլայնմանը նաև Սյունիքում։ Իսկ դա նշանակում է, որ Շոյգուի զանգերը մնում են կրակի դադարեցման ամենաարդյունավետ մեխանիզմը։

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Напоминание о встрече. Чего ждать от новых боев между Арменией и Азербайджаном

Մեկնաբանել