Ներքին ապատեղեկատվություն՝ արտաքին ագրեսիայի ժամանակ․ «Շաբաթվա ֆեյքերը»

2020-ը սովորեցրեց Հայաստանի քաղաքացիներին չվստահել պաշտոնական տեղեկատվությանը, տողատակերում կարդալ այն, ինչ իրենից փորձում են թաքցնել, սովորեցրեց տեղեկատվական վակուումի պայմաններում ադրբեջանական կայքերում ու տելեգրամյան ալիքներում լրացնել տեղեկատվական քաղցը՝ դառնալով ավելի խոցելի հակառակորդի տեղեկատվական հարձակումների տեսանկյունից։

Ընդ որում, կառավարության և պաշտպանության ոլորտի պատասխանատուներն ամեն ինչ անում են, որպեսզի է՛լ ավելի խորացնեն անվստահությունը պաշտոնական տեղեկատվության նկատմամբ։ Որպես ասվածի ապացույց՝ բերենք նոյեմբերի 14-ի իրադարձությունները, երբ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում էր, թե ադրբեջանցիները հայկական մարտական դիրք են գրավել, իսկ հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հաստատեց այդ լուրը, իսկ այնուհետև Անվտանգության խորհուրդը հաղորդագրություն տարածեց և պարզ դարձավ, որ հերթական անգամ բռնվեց պաշտպանության նախարարության սուտը։

Ահա այս իրավիճակում նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանագոտում մեկնարկեցին 44-оրյա պատերազմից հետո ամենաարյունալի բախումները Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, որոնք ավարտվեցին նույն օրը երեկոյան՝ ռուսական կողմի միջնորդությամբ։ Անցած շաբաթ ներկայացրել ենք հիմնականում ադրբեջանական տեղեկատվական գրոհները, որոնք ուղղված էին հայաստանյան հանրության դեմ։ Սակայն անցած շաբաթ նաև տարածվեցին մի շարք լուրեր, որոնք հիշեցնում էին 44-օրյա պատերազմի օրերին հայկական կողմից տարածվող քարոզչությունը և հիմնականում պարունակում էին հայկական կողմի համար դրական, ուրախացնող ապատեղեկատվություն։

Փաստերի ստուգման հարթակը ուսումնասիրել է այդպիսի հրապարակումներից մի քանիսը։

  • Նոյեմբերի 16-ին տեղեկություն տարածվեց, որ հայկական կողմը ոչնչացնել է ադրբեջանական Պ-18 ռադիոտեղորոշման կայանը, սակայն հաջորդ օրը՝ նոյեմբերի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդագրությունում նշված է ադրբեջանական ոչնչացված զինտեխնիկայի ցուցակը, և դրանում Պ-18 ռադիոտեղորոշման կայանի մասին խոսք չկա։
  • Նոյեմբերի 17-ին ինտերնետի հայկական տիրույթում լուր տարածվեց ադրբեջանցի գերու մասին։ Լուրին կից լուսանկարում էլ երևում էր ադրբեջանցի զինվոր Անար Գիդայաթ օղլու Ալիևը, որն իրականում գերեվարվել էր դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ և փոխանցվել ադրբեջանական կողմին դեկտեմբերի 14-ին։
  • Նոյեմբերի 17-ին մի շարք հայկական լրատվականներ, հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, գրեցին այն մասին, որ ադրբեջանական կողմն ունի 26 զոհ և 17 վիրավոր։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ նույն օրը տարածված հաղորդագրությունում հայտնեց, թե ադրբեջանական կողմը մինչև 70 զոհված և վիրավոր ունի։ Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, թե բախումներում զոհվել է 7 և վիրավորվել 10 ադրբեջանցի զինծառայող։

Վերը թվարկված օրինակները ապատեղեկատվություն էին ներկայացնում հիմնականում հօգուտ հայկական կողմի, մինչդեռ հայաստանյան ընդդիմադիրներն էլ հետ չէին մնում՝ տարածելով թեզեր այն մասին, թե ադրբեջանական առաջխաղացումը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև ստվերային պայմանավորվածությունների հետևանք է և որ Երևան-Գորիս մայրուղին հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։

Հայ -ադրբեջանական վերջին լարվածության ֆոնին մեկ այլ ուշագրավ ապատեղեկատվություն էլ անցած շաբաթավերջին տարածել էր ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Բաղդասարյանը։ Նա տեսանյութ էր հրապարակել՝ կից գրառմամբ պնդելով, թե ադրբեջանցիներն ազատ շրջում են Սիս բնակավայրով։ Մեդիա․ամ-ի թիմն ուսումնասիրել է գրառումն ու պարզել, որ սա նույնպես ապատեղեկատվություն է․ տեսանյութն առնվազն երկու տարվա հնության է, դրանում ոչ թե ադրբեջանցիներ են խոսում, այլ գյուղում նախկինում ապրած քրդեր։

Արձանագրենք, որ ստեղծված զգայուն իրավիճակում հայ-ադրբեջանական ցանկացած բախում և լարվածություն ուղեկցվում է բազմավեկտոր ապատեղեկատվությամբ, և հասարակությանը մնում է առաջին հերթին զինվել համբերությամբ, կասկածել ամեն ինչին և երբեք չշտապել եզրակացություններում։

Մեկնաբանել