Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

Ադրբեջանն ընտրվել է զինված հակամարտությունների ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

«2021 թվականի նոյեմբերի 30-ին տեղի ունեցան զինված հակամարտությունների ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամի ընտրությունները։ Կոմիտեի անդամ էր առաջադրվել Ադրբեջանը, որի թեկնածությունը պաշտպանել է երկրների բացարձակ մեծամասնությունը»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։

Կոմիտեի կազմում Ադրբեջանը ներկայացված կինի հաջորդող 4 տարում։

***

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են։ Բաքուն հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին թույլ տալ մուտք գործել իր վերահսկողության տարածքներ, որպեսզի նրանք կարողանան անձամբ գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանցի քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող եկեղեցիները «հայերին չեն պատկանում»։ Բաքվի պաշտոնական վարկածի համաձայն, դրանք ուդիների պաշտամունքային կառույցներն են։

Մեկնաբանել