Ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ստոքհոլմյան վեհաժողովում

Stockholm

Դեկտեմբերի 2֊ից 3֊ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում տեղի է ունեցել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ամենամյա վեհաժողովը: Այս երկօրյա միջոցառման ընթացքում Ղարաբաղյան հակամարտության հետ առնչություն ունեցող մի շարք ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք հնարավորություն են տվել հասկանալ հարցի շուրջ միջազգային կարևոր դերակատարների մոտեցումները և այդ մոտեցումների մեջ տեղի ունեցած փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում:

Վեհաժողովի ընթացքում Արցախյան հիմնահարցի հետ կապված ամենաուշագրավ դրվագներից մեկը այն էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետո հանդիպման բացման խոսքում հիշատակել էր նաև Ղարաբաղյան հակամարտությունը: Բլինքենը մասնավորապես նշել էր․ «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Շատ աշխատանք կա անելու, որպեսզի փորձենք հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և արդարացի ավարտին: Հուսով եմ, որ մենք կարող ենք միասին աշխատել նաև այդ ուղղությամբ»: ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը քննարկվել է նաև հանդիպման փակ մասում:

Բլինքենի բացման խոսքի Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ այս կարճ հատվածում մի քանի հետաքրքրական հանգամանք կա:

Բայդենի վարչակազմը փորձում է Ռուսաստանի հանդեպ բավականին ռացիոնալ ու պրագմատիկ քաղաքականություն վարել: Վաշինգտոնը Մոսկվայի հետ կանխատեսելի հարաբերություններ է ցանկանում՝ ձգտելով կառավարել դիմակայությունը այն հարցրերում, որտեղ հնարավոր չէ խուսափել դիմակայությունից, և համագործակցելով այն խնդիրների շուրջ, որոնց դեպքում համագործակցությունը հնարավոր է: ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ստոքհոլմյան վեհաժողովը անցնում էր ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման հերթական շրջափուլի պայմաններում: Բլինքենի ու Լավրովի հանդիպման հիմնական օրակարգային հարցը Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամն էր: Այս առումով չափազանց կարևոր է, որ ԱՄՆ պետքարտուղարը Ղարաբաղյան հակամարտությունը դասում է այն եզակի հարցերի շարքում, որոնց պարագայում Վաշինգտոնը և Մոսկվան պատրաստ են համագործակցել, այլ ոչ թե դիմակայության մեջ մտնել:

Բլինքենի կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նկատառումը կարևոր է նաև այն առումով, որ ԱՄՆ-ն վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ Ղարաբաղան հակամարտությունը ավարտված չէ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը վերջին մեկ տարվա ընթացքում փորձում էր միջազգային հանրությանը հրամցնել այն միտքը, որ Ղարաբաղյան հակամարտության էջը փակված է, և այս հարցով այլևս քննարկելու ոչինչ չկա: Միջազգային հանրության առաջատար տերության արտաքին գերատեսչության ղեկավարի կողմից այսօրինակ հայտարարությունները անէացնում են Բաքվի ջանքերը:

Բլինքենի հայտարարության ղարաբաղյան հատվածի մյուս ուշագրավ հանգամանքը ԱՄՆ պետաքարտուղարի կողմից օգտագործված բառապաշարն էր: Հակամարտության արդարացի կարգավորման մասին հիմնականում խոսում են հակամարտության կողմերը: Միջազգային խաղացողները հազվադեպ են նմանատիպ ձևակերպումներ կիրառում: Այդ առումով Բլինքենի կողմից «արդարացի ավարտ» ձևակերպամն օգտագործումը կարող է նշանակել, որ ԱՄՆ-ում հասկանում են, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում հաստատված ստատուս-քվոն արդար չէ:

Ստոքհոլմի վեհաժողովի ընթացքում մշակվել է նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարություն, որը հրապարակվել է միջոցառման ավարտից օրեր անց: Համատեղ հայտարարության մեջ համանախագահ երկրները կողմերին կոչ են արել շարունակել Ադրբեջանի ու Հայաստանի միջև Նյու Յորքում սկսած երկխոսությունը, զերծ մնալ սադրիչ հայտարարություններից ու գործողություններից և կատարել նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի ու 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները:

Ստոքհոլմի հայտարարության տեքստի մեջ սակայն շեշտը դրված է հումանիտար հարցերի վրա, իսկ հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ կետերը ակնհայտորեն անտեսված են: Եթե համեմատենք այս հայտարարությունը մեկ տարի առաջ Տիրանայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի գագաթնաժողովի ընթացքում համանախագահների կողմից ընդունված համատեղ հայտարարության հետ, ապա տարբերությունը ակնհայտ է: Տիրանայի հայտարարության մեջ հստակ խոսվում էր հակամարտության քաղաքական կարգավորման անհրաժեշտության և դրան հասնելու սկզբունքների ու մեխանիզմների մասին: Հայտարարության տեքստի մեջ մասնավորապես նշվում էր․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց ամուր հավատարմությունը վեճերի կարգավորման հարցում ուժի կամ ուժի չկիրառման սկզբունքին: Նրանք կրկնում են իրենց հետևողական ու միասնական դիրքորոշումը հօգուտ հակամարտության մնացյալ առանցքային ու բովանդակային հարցերի բանակցային, համապարփակ ու հարատև կարգավորման՝ Հայաստանին ու Ադրբեջանին քաջ հայտնի հիմնարար սկզբունքների ու տարրերի համաձայն: Համանախագահ երկրները լիովին համատարիմ են մնում այս նպատակի հետապնդմանը՝ համաձայն իրենց՝ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարեկեցություն հաստատելու երկարատև ջանքերի»:

Ստոքհոլմի հայտարարության մեջ նման շեշտադրումներ չկան, ինչը համապատասխանում է Ադրբեջանի շահերին, քանի որ Բաքուն փորձում է Մինսկի խումբը վերածել հումանիտար խնդիրներով զբաղվող կառույցի և փակել հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների էջը: Սա, անշուշտ, հայկական դիվանագիտության պասիվության ուղիղ արդյունքն է:

Մեկնաբանել